չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում

Այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում

2023թ․ մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» (Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն) հասարակական կազմակերպությունները վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ աշխատել են որոշում կայացնողների հետ՝ ջատագովելով աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումը, արգելքն ու պաշտպանության մեխանիզմները նախատեսելու համար:

Այս մասին գրված է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում․

«Ընդունված նախագծի համաձայն սահմանվել են աշխատավայրում բռնության և սեռական ոտնձգության հասկացությունները, գործատուի պարտավորությունը՝ սահմանելու սեռական ոտնձգության արգելքը ներքին կարգապահական կանոններով (ինչի արդյունքում սեռական ոտնձգություն իրականացնողին գործատուն կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել), ինչպես նաև ոտնձգությունից տուժողներին արտահերթ արձակուրդ տրամադրելու կարգավորումները:

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում սահմանվել է որպես աշխատավայրում կամ գործուղումների ընթացքում սեռական բնույթի անցանկալի արարք (օրինակ՝ սեռական բնույթի առաջարկներ, հպումներ), որն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում է անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա (օրինակ՝ ոտնձգության ենթարկվողի կողմից մերժվելու դեպքում տուժողին կարող են ազատել աշխատանքից, չբարձրացնել պաշտոնը կամ իջեցնել աշխատավարձը) կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյանին և Հերիքնազ Տիգրանյանին կանանց ձայները ԱԺ ամբիոն հասցնելու և այս կարևորագույն օրենսդրական փոփոխություններն առաջ տանելու համար:

Միևնույն ժամանակ, մտահոգված ենք այն հանգամանքով, որ սեռական ոտնձգությունը, որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, չի ամրագրվել օրենքում: Սա նշանակում է, որ սեռական ոտնձգություն իրականացրած անձին գործատուն իրավունք չի ունենա ազատելու աշխատանքից:

Առաջարկում ենք Աշխատանքային օրենսգրքի հետագա վերանայումների ժամանակ նախատեսել սեռական ոտնձգության համար ավելի խիստ սանկցիաներ, ինչպես նաև ապահովել տուժողների կողմից բողոքարկման հստակ գործող մեխանիզմներ»:

  • Կիսվել: