Այսօրվա սահմանների վիճակում, եթե Ադրբեջանը նպատակ դնի սողոսկելու ՀՀ, դա կանի. խնդիրն այն է, որ նա չպիտի ունենա այդ նպատակը. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Այս պահին Սյունիքում կատարվող ամենակարևոր իրադարձությունները բանակցություններն են, արդյունքին դեռ պետք է սպասենք: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների, հակառակորդի՝ Հայաստանի սահման մտնելու մասին:
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցիների առաջ գալու նախնական պատճառաբանությունն այն էր, որ այդ տարածքներն իբրև քարտեզով գտնվում են իրենց վարչական սահմանների մեջ, բայց ավելի ուշ պարզվել է, որ այդ քարտեզները կեղծ են, որից հետո ասել են, որ հրաման են կատարում:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսինքն՝ սա իրենց խնդիրը չէ, նրանք ընդամենը հրաման կատարող են, իսկ Ադրբեջանը մի շարք քաղաքական նպատակներ ունի: Եթե հետևում ենք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի սադրի, քաղաքական անկայունություն մտցնի Հայաստանում, որպեսզի ճնշումներ գործադրի, իսկ Հայաստանի քաղաքական անկայունության համար պարարտ հողը կա՛՛:
Խաչատրյանը նշեց, որ այս քայլերը գուցե ուղղված են նրան, որ Ադրբեջանը հասնի այն նպատակին՝ կապված Մեղրիի հետ, որին, սակայն, հայկական կողմը երբեք չի գնա:
Խոսելով ադբեջանցի զինվորականների Հայաստան գալու և դիրքավորվելու մասին՝ պատգամավորը նշեց, որ սա ոչ միայն ՀՀ քաղաքացիներին է հետաքրքիր, այլև բոլորին, թե ինչպես է ադրբեջանական կողմը սողոսկել:
՛՛Իմ տրամաբանությամբ՝ ունենք հենակետեր, որոնք պահպանվող չեն և առայժմ այս վիճակը թույլ չի տվել սահմանների ամեն կետը դարձնել վերահսկելի, Ադրբեջանն օգտվել է այս առիթից, հենակետերի արանքից սողոսկել է, սա լուրջ քննարկման և քննության առարկա կդառնա ու կհասկանանք, թե ինչպես է սա տեղի ունեցել, բայց այսօրվա սահմանների վիճակում, եթե նպատակ դրվի սողոսկելու, դա կլինի, ուղղակի խնդիրն այն է, որ այն նպատակը նրանք պետք է չունենան՛՛,-ասաց նա:
Ղազարյանի դիտարկմանը, թե իրականում հակառակորդի տարածք կարող է սողոսկել միայն դիվերսիոն խումբը, սակայն այս պարագայում 100-ից ավելի զինվորականներով վաշտ է 3,5 կմ առաջ եկել, Խաչատրյանը պատասխանեց, որ, այո, խոսքը վաշտի մակարդակով առաջ գալու մասին է, սակայն վերջիններս առաջ են եկել չպահպանվող հենակետերով:
Իսկ հարցին, թե այս պարագայում արդյոք ճի՞շտ չէ ընդդիմությունը, երբ ասում է, որ այս իշխանությունը չի կարողանում Սյունիքի անվտանգությունն ապահովել, Խաչատրյանը պատասխանեց, որ հիմա պետք է քննության առարկա դառնա և պարզաբանվի, թե արդյո՞ք հնարավոր էր ձմռանը կարգավորել սահմանների կահավորման հարցը:
՛՛Այո, հիմա գարնան ավարտ է, բայց այդ լեռնային գոտիներում դեռ ձմեռային իրավիճակը նոր է անցել, դեռ ձյուն կա նստած՛՛,-եզրափակեց պատգամավորը: