ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Այս տարվանից կամավոր ատեստավորումը պլանավորում ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով. Անդրեասյան

Այս տարվանից կամավոր ատեստավորումը պլանավորում ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով. Անդրեասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում էր արել: Նա նշել էր, որ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները:

Կառավարության՝ հունիսի 27-ի նիստին վարչապետը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին խնդրեց արձագանքել ուսուցչի այս երեք դիտարկումներին:

Առաջին հարցի առնչությամբ Անդրեասյանը նշեց՝ պարտադիր պահանջ է այն, որ թեստերի բովանդակությունը պետք է համապատասխանի դասավանդվող նյութին, և խնդիրը երբեմն այն է, որ ուսուցիչը ծանոթ չի լինում առարկայի երկու դասագրքերի բովանդակությանը: Սակայն կա բողոքարկման մեխանիզմ, և եթե ուսուցիչը համաձայն չէ թեստի նյութի հետ, կարող է բողոքարկել: Ըստ նախարարի՝ բողոքարկման պրակտիկա եղել է, և օբյեկտիվ բողոքարկումների արդյունքում գնահատման շեմը փոփոխվել է:

Ինչ վերաբերում է ժամանակին, ապա տրվում է 180 րոպե, բայց եթե ուսուցչին չի բավարարում դա, տեղում, ըստ նախարարի, տրվում է լրացուցիչ ժամանակ:

Թեմային առնչվող խնդիր է թղթային տարբերակով ատեստավորումը, քանի որ ժամանակ է պահանջվում պատասխանները ձևաթղթի վրա անցկացնելու համար: Այս տարի խնդիրը կլուծվի, ատեստավորումը կլինի էլեկտրոնային տարբերակով:

«Այս տարվանից կամավոր ատեստավորումն արդեն պլանավորում ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով, և սա նաև լրացուցիչ ժամանակ կտա մեր ուսուցիչներին»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ցածր և բարձր գործակցով վճարվող ուսուցիչների ատեստավորմանը, Անդրեասյանը նշեց, որ սա սկզբունքային հարց է, քանի որ կարևորը ոչ թե ուսուցիչն է, այլ երեխան:

«Կարծում եմ՝ մեր ուսուցիչները պետք է փոխեն իրենց դիտանկյունը, և հիշեն, որ խոսում են երեխայի կրթության մասին»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: