ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս տարի երթուղային ցանցում այլեւս «հուսահատության» գազելներ չենք ունենա. վարչապետ

Այս տարի երթուղային ցանցում այլեւս «հուսահատության» գազելներ չենք ունենա. վարչապետ

«Չզեկուցվող հարցերի փաթեթում այսօր ընդունել ենք ևս մեկ որոշում, որով փոփոխություն ենք կատարել ավելի վաղ ընդունված մի որոշման մեջ, որը վերաբերում էր Երևանի համար 150 «Ժոնգ-Տոնգ» ավտոբուս գնելուն»:

Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև մանրամասնեց, թե որն է որոշման էությունը:

«Նախկինում պայմանագրի շրջանակներում մենք 150 ավտոբուս ենք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայամնագրի և կապալառուների հետ, և հիմա առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է ավելանում»,- մանրամասնեց վարչապետը:

Փաշինյանը նկատեց՝ վերջին 5 տարին Երևանի տրանսպորտային պարկը լավարկելու շատ էական որոշումներ են կայացրել և ուրախությամբ արձանագրեց, որ Երևանում ավելի շատ բարձրակարգ ու նոր ավտոբուսներ են օգտագործվում. «Ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականին մենք խոստացել էինք, որ Երևանը պետք է ազատենք «հուսահատության գազելներից» և «մահվան» վերելակներից: Իհարկե, այսօր դա ամբողջությամբ իրականացված չէ, բայց, ըստ էության, գործն արվում է շատ մեծ տեմպերով, և եթե չեմ սխալվում, այս տարի արդեն Երևանի տրանսպորտային ցանցում մեզ հայտնի «Գազել»-ները չենք ունենա, դրանք փոխարինված կլինեն բոլորովին նոր ավտոբուսային պարկով»:

  • Կիսվել: