հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պահին կապիկի ծաղիկի դեմ բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու առաջարկություն ԱՀԿ-ն չի ներկայացրել

Այս պահին կապիկի ծաղիկի դեմ բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու առաջարկություն ԱՀԿ-ն չի ներկայացրել

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։ ՀՀ առողջապահության նախարարության հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Վրաստանում դեպքերի թիվն ավելանա, հնարավո՞ր է հայ-վրացական սահմանը փակվի, կամ այլ սահմանափակումներ կիրառվեն, քանի որ հանգստի շրջան է և մարդիկ մեկնում են հանգստի, նախարարության ներկայացուցիչն ասաց, որ ԱՀԿ-ն այս պահին որևէ ճանապարհորդությունների սահմանափակում խորհուրդ չի տալիս:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն ի պատասխան ասաց, որ դրա համար դեռ շատ վաղ է խոսել.

«Որովհետև, անգամ այն երկրներում, որտեղ շատ են դեպքերը, օրինակ Մեծ Բրիտանիայում 500-ից ավելի դեպք է արձանագրվել՝ չեն խուսափում Մեծ Բրիտանիա մեկնելուց: Ոչ մի երկրում դեռ սահմանափակում չի կիրառվում, իսկ Վրաստանում մենք հույս ունենանք, որ դեպքերի ավելացում չի լինի»,- ընդգծեց ԱՆ ներկայացուցիչ Լուսինե Պարոնյանը:

Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ հայտնեց, որ ԱՀԿ-ն և ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները փաստում են, որ բնական ծաղկի դեմ առկա նոր սերնդի պատվաստանյութերը նաև կանխարգելում են կապիկի ծաղիկը:

«85 տոկոս արդյունավետություն են դրսևորում: Ներկայում, դեռ ԱՀԿ-ն առաջարկություն չի ներկայացնում երկրներին՝ բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու համար այս փուլում: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ, իհարկե, կարող են այդ առաջարկությունները փոփոխվել: Այս պահին որևէ առաջարկություն պատվաստանյութերի կիրառման առումով չի ներկայացվել»,- ասաց Սվետլանա Գրիգորյանն ու հավելեց, որ պատվաստանյութերի մասով կան արտադրողներ, որոնց հետ ԱՀԿ-ն ակտիվ աշխատում է և բանակցություններ է վարում, որ ըստ անհրաժեշտության կարող են ծավալել անհրաժեշտ արտադրություն և երկրներին ապահովել անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով:

  • Կիսվել: