Այո, զարգացումներ կան բոլորի, ինչպես նաև իմ նկատմամբ. Վարդան Ղուկասյան
«Եթե մարդը մի բան հայտարարում է, ուրեմն զգում է իր վրա, որ հայտարարում է»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ամբողջ պետական ապարատը հանել են իր և ԲՀԿ-ի դեմ:
Դիտարկմանը, թե ինչպես է արտահայտվում պետական ապարատը իրենց դեմ հանելը, նա արձագանքեց, որ պատրաստ չէ այս պահին այդ հարցին պատասխանելու. «Այո, զարգացումներ կան բոլորի նկատմամբ, նաև իմ նկատմամբ»:
Հարցն, թե միգուցե դա կապված է իր Գյումրիի քաղաքապետ եղած շրջանի՞ն, Ղուկասյանն ասաց. «Չգիտեմ, սպասում ենք: Էդ ասֆալտի գործը էնքան է քննարկվել ու ստուգվել, որ քննիչ չի մնացել, որ այդ ասֆալտը չափած չլինի: Ես լսում եմ, որ քրեական գործ է նախապատրաստվում իմ դեմ, բայց ես չգիտեմ»:
Լրագրողները նեև հետաքրքրվեցին, թե նա արե՞լ է մի բան, որի համար մտահոգվելու առիթ լինի, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Դուք ավելի շատ բան եք արել, քան ես»:
Այնուհետև նա շարունակեց. «Եթե շատ մարդիկ մտածում են, որ իրենք էնքան բան են արել ազգի համար, որ ժողովուրդը դրա համար իրենց ձայն է տվել, չարաչար սխալվում են։ Նախկին իշխանությունների վատ աշխատանքի կապակցությամբ իրենց ձայն են տվել: Պետք է իմանան, որ ժողովուրդն իրենցից շատ բան է սպասում, բայց անցել է 2 տարուց ավելի, իրենց տված խոստումները չեն կատարվում: Ես էլ եմ ձայն տվել և լուրջ մասնակցություն եմ ունեցել, մենք սպասում ենք այն խոստումներին, որ ժողովրդի պայմանները պետք է լավանա, աշխատավարձերը, թոշակները, նպաստները բարձրանան, բանկային, լոմբարդային խայտառակ համակարգը, որ մարդկանց գրպանն են մտնում, օրենքի անվան տակ մարդկանց թալանում են եւ այլն: Շատ խոստումներ են տվել, բայց, ցավոք սրտի, ոչ մի խոստում չի կատարվել։ Դրա համար սպասում ենք, թե երբ է իշխանությունը կոնկրետ քայլեր անելու»։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի կառավարության հրաժարականի պահանջին, Վարդան Ղուկասյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն ինչ ասում է, իր խոսքերի տերն է, ինչ ասել է, անում է, բոլորն էլ տեսնում են։
«Ասում է՝ այսպես չի կարելի աշխատել, եթե այսպես լինի, այսպես կլինի: Մարդը ոչ միայն քննադատում է, այլ լուծումների տարբերակն էլ է ասում: Նա նաև ասում է՝ անփորձ երիտասարդներ են, ես էլ եմ այդպես մտածում, որ պատմություն չունեն, որևէ կառույց ղեկավարելու փորձ չունեն, պատահական եկել նախարար են դարձել: Ես էլ եմ դրան դեմ»,- ասաց»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե երկրի վարչապետն ասում է, որ ավելի լավ է փորձ չունենան, քան կոռուպցիոն կենսագրություն ունենա, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Այսօր մի բառ են սովորել՝ կոռուպցիա, կոռուպցիա: Բոլորին կարելի է մեղադրել վերից վար, օդի մեջ խոսելով: Ընդհանրապես, բռնել տալով, ասֆալտին փռելով երկիր չի կառուցվում, պետք է ապրեն ու ապրեցնեն: Պետք է կարողանան պահել էս ժողովրդին, պայման, հնարավորություն ստեղծել, աշխատատեղեր ստեղծեն, բայց մենք դա չենք տեսնում»։
Հարցին, թե արդյոք հանցագործին չպետք է դատել՝ հիմնավորելով, որ պետք է ապրեցնել, Ղուկասյանն արձագանքեց. «Մեկին ասում են՝ հանցագործություն է արել, 10 օր հետո տեսնում ես՝ փողոցում պտտվում է: Չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց դուք եք բզբզում, որ խոսեմ»:
Լրագրողները նաև հիշեցրեցին, որ ինքը նախկինում ՀՀԿ-ի հետ էր, այսօր՝ ԲՀԿ-ին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես 12 տարի քաղաքապետ եմ եղել, ընդհանրապես կուսակցական չեմ եղել: Ես որ ՀՀԿ-ի համագումարներին մասնակցել եմ, նշանը չեմ խփել: Իրենց խորհրդի նիստերին էլ 2007-2012 թվականներին չեմ մասնակցել: Ես միշտ ասել եմ, որ կուսակցական չեմ, հիմա էլ ԲՀԿ-ական չեմ: Երբ օբյեկտիվ խոսում ես, թռնում են երեսիդ, չեն էլ թողնում, որ խոսես, ասում են՝ կբռնենք, էս կանենք, էն կանենք»:



