ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում՝ առողջապահության համակարգերն ի վիճակի են օգնություն ցուցաբերելու զինվորներին և քաղաքացիական անձանց. Մուրադյան

Այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում՝ առողջապահության համակարգերն ի վիճակի են օգնություն ցուցաբերելու զինվորներին և քաղաքացիական անձանց. Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հակառակորդի կիրառած զենքերը, դրանցից ստացված վնասվածքները մարդասիրական և համամարդկային արժեքներից դուրս են՝ հաշվի առնելով նրանց բնույթը, վնասակար և վտանգավոր էությունը:

«Այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում առավել ևս մի պահի, երբ մենք բոլորս փաստացի համախմբված ենք այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ, և իհարկե, հիվանդանոցային ծառայությունները, որոնք ծայրահեղ ծանրաբեռնված են, և այն սանիտարական նորմերը, որ կիրառվում են, համեմատության մեջ չեն 2016 թվականի հետ»,- ասաց Մուրադյանը:

Նա վստահեցրեց, որ այս պահին ՀՀ և ԱՀ առողջապահության համակարգերի և արտերկրից ժամանած բժիշկների շնորհիվ կարող են օգնություն ցուցաբերել ինչպես մեր զինվորներին, քաղաքացիական անձանց, այնպես էլ այն վիրավոր ադրբեջանցի զինվորներին, որոնք խաբված հայտնվել են կրակի եզրին: 

Անդրադառնալով վիրավոր երեխաներին՝ Մուրադյանն ասաց, որ նրանք տարբեր վնասվածքներ ունեն, ցավոք, մահվան ելքով դեպքեր էլ կան:

«Մեր մանկաբույժները ամեն ինչ կանեն, որ երեխաներն այդ սարսափը մոռանան»,- ընդգծեց բժիշկը:  

  • Կիսվել: