կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Այդ երեխան հանցագործ չէ․ մայրերը 18-ամյա Դավիթին ազատելու պահանջով նստացույց են անում

Այդ երեխան հանցագործ չէ․ մայրերը 18-ամյա Դավիթին ազատելու պահանջով նստացույց են անում

Մի քանի մայրեր նստացույց են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։
 

«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ։ Թող նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցի նախաձեռնող, 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։

Կարծում է՝ եթե շատ մարդիկ ներգրավվեն այս գործընթացին, հնարավոր կլինի ազդել որոշումների կայացման վրա։
Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան 11-ից մինչև 20։00-ն։
 
«Իշխանությունները պետք է այնքան հմուտ ու մեծահոգի լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից, հատկապես երբ որ երեխա է։ Ես էլ ունեմ Դավիթի տարիքի տղա, իրենք իրենց տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ և տաքարյուն, ես համարում եմ, որ պարտավոր են նրան ազատ արձակել»,- ասաց նստացույցին միացած մայրերից մեկը՝ Մարիաննա Զարգարյանը։
3 երեխաների մայր, արցախցի Նուբար Դանիելյանը նշեց՝ պայքարելու են այնքան, մինչև որ հնարավոր լինի ապրել մի երկրում, որտեղ անվտանգ է, ու մարդիկ կարող են ազատորեն իրենց կարծիքն ասել, ոչ թե ասել և հայտնվել ճաղերի հետևում։
 
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։

  • Կիսվել: