շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավտովթար-վրաերթ Երևանում.Վրաերթի ենթարկվածը մեքենաներից մեկի վարորդն էր

Ավտովթար-վրաերթ Երևանում.Վրաերթի ենթարկվածը մեքենաներից մեկի վարորդն էր

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Միքայել Նալչաջյանը իր վարած Mercedes մակնիշի 31 RR 030 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 37-ամյա Գոռ Հարոյանի վարած Renault մակնիշի 008 LS 63 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ն առաջ է ընթացել և բախվել 63-ամյա Արմեն Արզումանյանի վարած Lexus մակնիշի 008 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենային։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Renault-ի վարոդը և Lexus-ի վարորդը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած են եղել ավտոմեքենաները և փորձել են բեռնախցիկից մեկը մյուսին բեռ հանձնել, ու այդ ժամանակ Mercedes-ը բախվել է Renault-ին, Renault-ն էլ, երբ բախվել է Lexus-ին, Renault-ի վարորդը, ով կանգնած է եղել Renault-ի դիմաց, վրաերթի է ենթարկվել։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել է թիվ 1 համալսարանակամ հիվանդանոց։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյան, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Այս պահին Ա. Ստեփանյանն ու Լ. Բադալյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում և խցանում տեղի չունենա։ Ճանապարհային ոստիկանները նաև մի քանի քաղաքացիների իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից փոխանցեցին պաշտպանիչ դիմակներ և հորդորեցին քաղացիներին, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորությունն ու կրեն դիմակ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: