ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր

Ավտովթար Երևանում. Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Վիլյամ Սարոյանի արձանի հարևանությամբ, բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ու թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայաստան Ղազարյանն ու Արմեն Հայրապետյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: