ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք, ի՞նչ ասեմ. Արարատ Միրզոյան

Ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք, ի՞նչ ասեմ. Արարատ Միրզոյան

Մարտի 31-ին, ԱԺ-ում արտահերթ նիստին, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց բջջայինների միջոցով քաղաքացիների տեղաշարժի եւ կատարած հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալների ստանալու մասին օրինագիծը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացվել են զուգահեռաբար, ինչ քաղաքական մեծամասնությունը։

Նա, մասնավորապես, նշեց. «Շատ կարեւոր արձանագրում է, որ նույն նախագիծն է քննարկվում, քննարկումը տեղի է ունեցել ընդդիմադիրների մասնակցությամբ, ներկայությամբ, իրենց կողմից նախագիծը բուռն քննադատության արժանացել է, այսինքն ընդդմիության իրավունքը լավագույնս իրացվել է։ Ակնհայտ է, որ այս օրինագիծը կառավարությունը կյանքի է կոչում իր քաղաքական հեղինակության, վարկանիշի հաշվին։ Ակնհայտ է, որ այս եւ այլ ծայրահեղ միջոցառումները լինելու են քաղաքական իշխող ուժի հեղինակության հաշվին։ Մենք կորցնելու ենք մեր հեղինակությունը, բայց փրկելու ենք մարդկային կյանքեր։ Սա է քննարկվում» ։

Միզոյանն ասաց նաեւ, որ պետք է բոլորը միասնական պայքարեն, որպեսզի կառավարության ջանքերը զուր չանցնեն։ Որպես օրինակ նա բերեց քննարկվող օրինագծերի վերաբերյալ հանրության շրջանում իշխող տրամադրությունները՝ ընդգծելով դրանց ոչ տրամաբանական լինելը այս պայմաններում։ Նա նշեց. «Կառավարությունը մանանա էլ իջեցնի երկնքից, էդ բոլորն անիմաստ կլինի, եթե քաղաքացիներն ընդառաջ չգնան։ Ֆեյսբուքում ասում են՝ ավիառեժիմի վրա դրեք, չի երեւալու։ Դե ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք, ի՞նչ ասեմ, տենց ո՞նց կլինի»:

Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փոփոխությունների ընդունումն այսօր մեկ անգամ տապալվել էր, երբ իշխող ուժը քվորում չէր կարողացել ապահով, իսկ ընդդիմադիրները չէին մասնակցել քվերակությանը։ Ժամեր անց Կառավարությունը կրկին ներկայացրեց օրինագծերն ԱԺ, այս անգամ քննարկումը տեղի ունեցավ առանց ընդդիմադիրների, որոնք հանդես եկան խախտումներով նիստը անցկացնելու, իրենց պատշաճ չտեղեկացնելու մասին հայտարարություններով։ Օրինագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունվել են։

  • Կիսվել: