ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշտարակում փախցրել են ՊՆ ծառայողի BMW-ն. ոստիկաններն իրականացրել են «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» օպերացիան

Աշտարակում փախցրել են ՊՆ ծառայողի BMW-ն. ոստիկաններն իրականացրել են «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» օպերացիան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Գասպարյանը և հայտնել, որ «Նարեկ» թաղամասի իր տան՝ 26/ա հասցեի դիմացից փախցրել են իրեն պատկանող BMW մակնիշի 35 RN 524 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է Երևանի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը:

Մինչ Աշտարակի ոստիկանները կպարզեին, թե որ ուղղությամբ է Խ. Խաչատրյանը ավտոմեքենայով փախել, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում իրականացնում են «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» օպերացիան:

Պարզվում է, որ Վայքի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների տեղեկությունները հավաստի էին և Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում դարանակալման արդյունքում կարողանում են կանգնեցնել BMW ավտոմեքենան, ինչից հետո Խ. Խաչատրյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Արման Մկրտչյանը ավտոմեքենան առևանգելու կասկածանքով բերման են ենթարկվում ոստիկանության Վայքի բաժին:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն որոշ ժամանակ անց ոստիկանութան Վայքի բաժին են ժամանում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Գասպարյանն աշխատում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերացիային ակտիվ մասնակցություն են ունեցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Խաչիկ Գևորգյանն ու Խաչիկ Ստեփանյանը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/04/1153965/

 

  • Կիսվել: