երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Աշտարակի կամուրջը դարձել է սահադաշտ. բախվել են մի քանի ավտոմեքենաներ. կան վիրավորներ, այդ թվում՝ ՃՈ հետաքննիչը

Աշտարակի կամուրջը դարձել է սահադաշտ. բախվել են մի քանի ավտոմեքենաներ. կան վիրավորներ, այդ թվում՝ ՃՈ հետաքննիչը

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Տեղացած առատ ձյան հետևանքով և ճանապարհների չմշակման պատճառով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մեծ կամրջի վրա մի քանի ավտոմեքենաներ են բախվել, գրում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարների հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնցից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանները:

Տեղում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը ու մինչ վթարի վայրի տեղազննություն էին կատարում, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ վթարված ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճանապարհային ոստիկանության ծառայողական Corolla-ին, ապա վրաերթի ենթարկել ավագ հետաքննիչ Ա. Աղաջանյանին:

Վերջինս տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Նշված վթարների փաստով մարզի դատախազի կարգադրությամբ դեպքի վայր պետք է ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին. «էս ի՞նչ ա կատարվում՝ շունը տիրոջը չի ճանաչում: Բա էս տեսակ անհարգալից վերաբերմունք ու անպատասխանատու մոտեցում կցուցաբերե՞ն աշխատանքի նկատմամբ: Էս ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուներին պետք է անհարգանքի սյունին գամել:

10-ից ավելի ավտոմեքենաներ էլ սառած ճամփի պատճառով վթարի ենթարկվեցին, բայց վարորդներով իրար հետ լեզու գտան, էլ չսպասեցին ԱՊՊ-ին, հեռացան, իրենց ավտոները տարան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարներից մոտ 1 ժամ անց, նոր ժամանել են ճանապարհը սպասարկող ճանշինականները:  

  • Կիսվել: