ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
ԱՍՀՆ տեղակալները հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան  պատվիրակության ներկայացուցիչների հետ

ԱՍՀՆ տեղակալները հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Աննա Ժամակոչյանը և Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ, հայտնում են նախարարությունից։

Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները՝ նախարարի տեղակալները բարձր են գնահատել գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։

Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ոլորտում կատարվող ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում նախանշված թիրախներին և ցուցանիշներին հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգում լավարկման մեխանիզմներ ներդնելու հնարավորությունները։

Քննարկվել են նաև ոլորտի ֆիսկալ մասին վերաբերող մի շարք հարցեր և դրանց հաղթահարման ուղիները։ Հանդիպման ընթացքում նախարության ներկայացուցիչների կողմից անդրադարձ է կատարվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, Զբաղվածության ռազմավարության մշակման ընթացքին, գործազրկության ապահովագրության մոդելի ներդրման աշխատանքներին։

Այս համատեքստում շեշտադրվել է կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախագծերի կարևորությունը։ Ներկայացնելով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող և նախատեսվող փոփոխությունները՝ կարևորվել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ևս կարևորել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած գործընկերային հարաբերությունների դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ աշխատանքային ձևաչափով ընթացիկ ծրագրերի շուրջ քննարկումներ իրականացնելու ուղղությամբ:

  • Կիսվել: