հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշակերտներին Կապան տեղափոխող վթարված ավտուբուսը ԿԳՄՍ-ն չի տրամադրվել, այդուհանդերձ, կատարվում է ուսումնասիրություն․ Ժաննա Անդրեասյան

Աշակերտներին Կապան տեղափոխող վթարված ավտուբուսը ԿԳՄՍ-ն չի տրամադրվել, այդուհանդերձ, կատարվում է ուսումնասիրություն․ Ժաննա Անդրեասյան

Ավտոբուսը տրամադրված չի եղել ԿԳՄՍ նախարարության կողմից. Անդրադառնալով Օխտարի միջնակարգ դպրոցի աշակերտներին Կապան տեղափոխող ավտոբուսի վթարին՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 «Այժմ կատարվում է ամբողջական վերլուծություն հասկանալու, թե տրանսպորտային ծառայություններն ամբողջ երկրով ինչպես են կատարվում։ Անկախ այն բանից՝ ծնողներն են կազմակերպում տեղափոխումը, թե ինչ-որ կազմակերպություններ, հստակ չափանիշներ պետք է լինեն, օրինակ, պետք է մեքենան կցված լինի կոնկրետ մեկ վարորդի, լինի տեխզննություն։ Անելու ենք ամենը, որ նման դեպքերը չկրկնվեն։ Ամեն օր մենք ապահովում ենք ավելի քան 3000 երեխաների և 1500 ուսուցիչների տեղափոխությունը։ Այժմ այդ դպրոցում մենք մեկ շաբաթ շուտ ենք արձակուրդ տրամադրել՝ հաշվի առնելով նրանց հոգեբանական վիճակը ու ապաքինման խնդիրը։ Այնտեղ այս բոլոր աշխատանքներն ընթացքում կիրականացվեն»,- ասաց Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել էին Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել էր ուսուցիչ Թամարա Դավթյանի (ծնված 1970 թ․) մահը։

 

 

 

  • Կիսվել: