ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկը նվիրել է Զինվորի տանը

Արթուր Ալեքսանյանն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկը նվիրել է Զինվորի տանը

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները որդու ծննդյան և Հայաստանի համար ծանր այս օրը՝ նոյեմբերի 16-ին, որոշեցին Զինվորի տանը լինել՝ զինվորների կողքին: Ռոբերտ Աբաջյանը հանուն հայրենիքի անզիջում պայքարի ազգային կերպար է:  Զինվորի տանն էր նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Նա եկել էր չեմպիոն դառնալու օրվա իր շապիկը ձեռքին, որի վրա Ռոբերտի պատկերն էր: Ալեքսանյանը հիշեցրեց, որ այն ժամանակ հաղթանակը նվիրել էր Ռոբերտին ու մարտնչած մեր բոլոր տղաներին, իսկ այսօր խաղաղություն մաղթեց մեր երկրին և խոստացավ ապագայի բոլոր հաղթանակները նույնպես նվիրել մեր հերոսներին:

25 տարեկան կդառնար Ռոբերտը, բայց նախընտրեց դիրքը չզիջել՝ իր կյանքի գնով:

Հերոսի ծննդյան օրը, ճակատագրի հեգնանքով, մեր քաջ տղերքը զոհաբերելով իրենց կյանքը մեր անվտանգությունն ու արժանապատվությունն էին ապահովում սահմանին:

«Խոնարհվում եմ Ռոբերտ Աբաջյանի և մյուս բոլոր ծնողների առջև, որոնք զավակ են տվել իրենց երկրին, իսկ նրանք էլ չզիջեցին, նահատակվեցին:  Ուզում եմ հիշենք Ռոբերտ Աբաջյանի հանրահայտ վերջին խոսքերը: Ես միանում եմ այդ խոսքերին և դիմում եմ մեր ժողովրդին, կոչ եմ անում չզիջել արժանապատվությունն ու անկախությունը, ազատությունը և դրանք սրբորեն պահպանել»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ ի դեմս Ռոբերտ Աբաջյանի, թող սուրբ լինի բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին հանուն իրենց երկրի ազատության, անկախության և արժանապատվության:

Հավելենք, որ Զինվորի տանը հերոսներին մեծարելն ու նրանց սխրանքները հիշելը ձևավորված ավանդույթ է դարձել:

  • Կիսվել: