Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:5 հաշվով եւ կիսաեզրափակիչում է
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը լարված պայքարում հաղթանակն է տոնում եւ դուրս գալիս կիսաեզրափակիչ: Օլիմպիական չեմպիոնը 97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի եռակի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի հետ հաղթեց 9:5 հաշվով:
Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը պարտերում իրար հաջորդող գլորումներով հաշիվը դարձրեց 5:0:
Երկրորդ մրցափուլում Ռուստամ Ասակալովը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ երկու միավոր վաստակեց՝ հաշիվը դարձնելով 5:3: Ուզբեկ մրցակիցը եւս երկու միավոր ավելացրեց իր հաշվին եւ հաշիվը դարձրեց 5:5՝ Ուզբեկստանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլի վերջնամասում գորգի մրցավարը մեկ միավոր տվեց Արթուր Ալեքսանյանին, ուզբեկ ըմբիշի մարզիչները բողոքարկեցին եւ մրցավարները բավարարեցին: Հաշիվը դարձավ 5:5՝ նորից Ասակալովի առավելությամբ:
Գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ Արթուր Ալեքսանյանը 4 միավորանոց հնարքով առաջ է անցնում հաշվի մեջ եւ 9:5 հաշվով հաղթանակի հասնում:
Մեկնարկային գոտեմարտում աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոնը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ:
Արթուր Ալեքսանյանը Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, Ռիո-2016-ի ոսկե եւ Տոկիո-2020-ի արծաթե մեդալակիր: Փարիզ-2024-ն Ալեքսանյանի չորրորդ Օլիմպիական խաղերն են: