երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արթիկում կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամներին մեկուսացրել են

Արթիկում կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամներին մեկուսացրել են

Արթիկում նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդը ապրիլի 23-ին վատ ինքնազգացողութամբ դիմել է Արթիկի պոլիկլինիկա, որտեղ էլ վերջինիս առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ պացիենտը ունեցել է թոքերի քրոնիկ հիվանդություն:

«Ապրիլի 23-ի ցերեկը ընտանեկան բժշիկին է դիմել հիվանդը, նախ՝ նրան ուղեկցել են մեկուսարան, որն առանձնացրել ենք նման գանգատներով հիվանդների համար: Այնուհետև նրան ռենտգեն են արել ու պարզվել է, որ նոր սկսվող թոքաբորբային պատկեր ունենք: Ասեմ, որ պացիենտը նաև քրոնիկ բրոնխիտներ ուներ:

Բուժաշխատողները, որոնք արդեն նախապես տեղեկացված էին, թե նման հիվանդների հետ ինչպես են աշխատում ու նմուշառում կատարում, նմուշառում են վերցրել, ուղարկել լաբորատորիա՝ պարզելու՝ արդյո՞ք նոր վիրուսով վարակված է, թե՞ ոչ: Պատասխաններն այս գիշեր ժամը 01:15-ին ունեցանք արդեն, որը դրական էր: Այս ընթացքում պացիենտը մեկուսացված է եղել տանը: Կինը բուժաշխատող է եղել, հետևաբար նրանք արդեն լավ գիտակցում էին ու ենթարկվում մեր ցուցումներին, թե ինչ է պետք անել: Մենք նաև հետաքրքվել ենք տան անդամների առողջական վիճակով, տանը ունեն հղի հարս, բայց գանգատներ չունեն: Այսօր առավոտյան վիրուսակիր հիվանդին արդեն տեղափոխել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը:

Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը նաև հայտնել է, որ ախտահանվել են հիվանդանոցի ամբողջ շենքն ու բուժսենյակները, որտեղ եղել է պացիենտը, ինչպես նաև մեկուսարանը: Իսկ հիվանդին բուժզննում կատարած բժիշկներն ու քույրերը եղել են արտահագուստներով ու հատուկ պաշտպանիչ միջոցներով:

Արթիկի օպերատիվ շտաբից մեր թղթակցին տեղեկացրել են, որ կորոնավիրուսով վարակված տղամարդու շփման շրջանակն արդեն ճշտվում է, բայց առայժմ շրջանակը միայն նրա բազմանդամ ընտանիքն է: Ըստ շտաբի պետի տեղակալի՝ ընտանիքը 14 անձից է բաղկացած:

«65-ամյա տղամարդու ընտանիքում 14 անձ է ապրում՝ 3 որդիները, հարսներն ու թոռները: Որդիներից մեկն էլ վիրուսով վարակված հոր հետ տաքսի է վարում: Իրենց մեքենաներն են, այսինքն՝ շփվել են տարբեր մարդկանց հետ, այս ընթացքում էլ, քանի որ երթուղայինները չեն աշխատում, մարդիկ տաքսիներից են օգտվում թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս: Չենք կարող ասել, թե կոնկրետ որտեղից են վիրուսն ընդունել: Մենք հիմա օպերատիվ կերպով փորձում ենք շփման շրջանակն արագ ճշտել ու մեկուսացնել: Այս պահին ընտանիքի անդամների մեկուսացման հարցն ենք կարգավորում, վիրուսակիրն էլ արդեն տեղափոխված է հիվանդանոց»,- ասել է Արթիկի օպերատիվ շտաբի պետի տեղակալը:

Արթիկում ախտահանման միջոցառումներն են խստացվելու, ինչպես նաև բնակիչների տեղաշարժը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում պարետի որոշմամբ Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ին սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, արգելված է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Մարալիկ և Ձորակապ՝ բացառությամբ առաջին խիստ անհրաժեշտության դեպքերի: Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս: Այսօր լրանում է խստացման ռեժիմի ժամկետը, պարետը երեկոյան կքննարկի, կորոշի՝ խստացված ռեժիմը պահե՞լ, թե՞ ոչ:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեր թղթակցին հայտնել են, որ ապրիլի 25-ին՝ կեսօրի դրությամբ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 63 հիվանդ է բուժում ստանում, 3 մահվան դեպք է մարզում արձանագրվել:

  • Կիսվել: