հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտեմ Փաթափությանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Արտեմ Փաթափությանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Բացման խոսքով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հուշամեդալներ է հանձնել պրոֆեսորադասախոսական կազմին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵՊՀ-ն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: «Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք  առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200 հորիզոնականում: ԵՊՀ-ն այդ ցուցանիշի ապահովման հավակնորդներից է: Կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումները ամենառազմավարական լուծումն են, որ պետք է զարգացնի Հայաստանի կառավարությունը: Կարևոր է, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն օգտագործենք միմյանց շնորհավորելու, այլև մեր առաջիկա անելիքները ճշգրտելու, օրակարգի իրականացման համար եռանդով տոգորվելու համար»,-շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր է հանձնել  ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների՝ ևս մեկ անգամ շնորհավորելով թե՛ շրջանավարտներին, թե՛ դասախոսներին:

Գիտական կոչում ստացած շրջանավարտներին վկայականները հանձնել են Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն ու ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ գիտական խորհրդի միաձայն որոշմամբ՝ Արտեմ Փաթափությանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:

 

  • Կիսվել: