հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
«Արտաշատ» հուշարձանի տարածքից օտարված եւ սեփականաշորհված հողամասերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

«Արտաշատ» հուշարձանի տարածքից օտարված եւ սեփականաշորհված հողամասերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Արարատի մարզի Լուսառատ համայնքում գտնվող քաղաքատեղի «Արտաշատ» հանրապետական նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից 2006 թ. օտարված եւ սեփականաշորհված 6,0 հեկտար մակերեսով հողամասերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 841-Ն որոշում): Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ-ից։

ՀՀ կառավարության նոր որոշումը նպաստելու է պատմական մայրաքաղաքի տարածքի միավորմանը՝ հնարավորություն տալով այն օգտագործել իր սկզբնական եւ մշակութային նշանակությամբ: Կապահովվեն պատմական մայրաքաղաքի գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով օգտագործումը, հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման եւ հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը։

Ներկայում ընթանում են միջոցառումներ՝ տարածքի գնահատման եւ փոխհատուցման համար տրամադրվելիք գումարների ճշտման ուղղությամբ: Այս գործընթացից հետո հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը՝ հանրության գերակա շահ ճանաչված հատվածները եւս արգելոցի սահմաններում ընդգրկելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության  2023 թվականի մարտի 30-ի N 418-Ն որոշմամբ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը: Պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցն ընդգրկում է  5.85195 հա տարածք:

Արգելոցի տարածքն ամբողջացնելու համար իրականացվում են նաեւ այլ աշխատանքներ, մասնավորապես՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով չափագրվում է  քաղաքատեղի «Արտաշատ» մայրաքաղաք-հնավայրի ամբողջ տարածքը։

  • Կիսվել: