երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արսեն Թորոսյանը՝ ծննդատները փակելու մասին

Արսեն Թորոսյանը՝ ծննդատները փակելու մասին

Ծննդատները փակելու մասին որոշումը միայն պայմանավորված է ծննդօգնության ծառայությունների որակի բարձրացմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, վերջին օրերի քննարկումների արդյունքում հնարավոր է, որ Եղվարդի ծննդատունը շարունակի իր գործունեությունը, քանի որ գրանցված ծնունդների թիվը մոտ է կառավարության սահմանած մինիմալ թվին՝ տարեկան 150 ծնունդ։ «Եթե մեր մասնագետները համոզվեն, որ բացի թվային պայմաններից բոլոր պայմանները համապատասխանում են չափանիշներին, ապա միայն այդ դեպքում մեկ տարի տրվի պետպատվեր»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է մյուս ծննադատներին, Արսեն Թորոսյանը նշեց, որ դրանք հեռու են թե պայմաններից, թե թվային ցուցանիշները ապահովելուց։

Մասնավորապես, ըստ նրա, Աչաջուր համայնքի ծննդատունը պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել․ «Աչաջուրը առողջության կենտրոն է և պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել։ Մենք նաև առանձին կզբաղվենք այդ մասով, թե ինչպես էր ստացվել, որ սանիտարահամաճարակային պայմանները խախտվել էին, և օպերատորը իր միկրոֆոնով հայտնվել էր ներսում»։

Նախարարը նշեց, որ նախարարությունն իրականացնում է պայմանների բարելավման ուղղությամբ քայլեր։

Արսեն Թորոսյանը նաև խնդրեց «փակել» բառը չօգտագործել՝  հավելելով,  որ իրենք ոչ մի բուժհաստատություն չեն փակում. «Կարող եմ ասել, որ այս բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների վրա աշխատող աշխատակիցների մի մասը համատեղությամբ այլ ծառայություն է մատուցում նույն հաստատությունում, և մենք պատրաստ ենք այն աշխատողներին, որոնք որ չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»։  

 

  • Կիսվել: