շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Թորոսյանի կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման․ Ռեստորանների Հայկական Միություն

Արսեն Թորոսյանի կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման․ Ռեստորանների Հայկական Միություն

Ռեստորանների Հայկական Միությունը արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այսօր առավոտյան տարածած կոչին։

«Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։ 

Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։

Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է։

Վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով։

Կոչ ենք անում ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին շտապ քննարկում սկսել մեր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ»։

Հիշեցնենք, որ  նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի տարածումը հնարավորինս կանխելու համար  ի թիվս այլ խորդուրդների կոչ էր անում քաղաքացիներն դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները։

Նա ընդգծել էր, որ  դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ «Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք»,- հորդորել էր նախարարը։

  • Կիսվել: