կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առողջապահական համակարգում կրկին լարված վիճակ է

Առողջապահական համակարգում կրկին լարված վիճակ է

Կովիդի արագ տարածման պատճառով առողջապահական համակարգը կրկին լարված վիճակում է հայտնվել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկակական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի փոխանցմամբ՝ բժիշկները գերծանրաբեռնված են։

«Ունենք բավականին ծանրաբեռնված մահճակալային ֆոնդ, հիմնականում 95 տոկոս լինում է զբաղված մահճակալային ֆոնդը։ Նույնը վերաբերում է վերակենդանացման բաժանմունքների մահճակալային ֆոնդին։ Բոլոր դեպքերում դեռևս ստացվում է բոլոր բուժման կարիք ունեցող հիվանդներին հոսպիտալացնել, բայց աշխատում ենք գերծանրաբեռնված ռեժիմով ենք աշխատում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Երեկ հիվանդության 296 նոր դեպք է հաստատվել, մահացել է 16 մարդ, ևս մեկը, ըստ Առողջապահության նախարարության այլ հիվանդության պատճառով է մահացել։ Անցած շաբաթվա ընթացքում նոր հայտնաբերվող դեպքերը 500-700-ի սահմաններում էին։ Երկուշաբթի տվյալները համեմատաբար փոքր են լինում, քանի որ կիրակի օրը լաբորատորիաների մեծ մասը չի աշխատում։ Միայն այս ամսվա սկզբից ի վեր քովիդը խլել է 161 մարդու կյանք։ Այս պահին հիվանդանոցներում և տանը վիրուսից բուժվում են մոտ 10 հազար մարդ։

Քովիդով հիվանդներին սպասարկում է 17 հիվանդանոց։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ, այս պահին 142 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 692-ը՝ ծանր, թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված 59 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակվածների համար վերականդանացման բաժանմունքներում 318 մահճակալներից զբաղված է 279-ը։

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրները հիմնականում բուժում են ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։

Փոխտնօրեն Մանուկյանն ասում է՝ հիվանդությունը երիտասարդացել է։ Քովիդը, ըստ բժշկի, ցավոք, խլում է նաև երիտասարդների կյանքը. - «Հիվանդությունը, որը այսօր պայմանավորված է կոնորավիրուսային վարակի «դելտա» շտամով, առավել քան երիտասարդացել է։ Մենք շատ հաճախ ունենում ենք երիտասարդներ բավականին բարդ թոքաբորբերով, որոնք ընթանում են բավականին բարդ։ Հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդների թվակազմի մեջ բավականին մեծ տոկոս են արդեն կազմում երիտասարդները։ Մինչդեռ նախկինում բացառիկ դեպքեր էին լինում, որ ծանր ընթացքով հիվանդները լինում էին երիտասարդներ։ Ցավոք, լինում են նաև մահվան ելքով դեպքեր, որ անգամ պայմանավորված չէ ուղեկցող հիվանդությունների առկայությամբ»։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի խոսքով, Հայաստանում հիմնականում շրջանառվում է «դելտա» շտամը։ Ավելի քիչ տարածված է նաև բրիտանականը. - «Շարունակական գործընթաց է իրականացվում, և առավել շատ հայտնաբերվում է «դելտա» շտամը։ Դելտայից ու անգլիականից բացի, մեզ մոտ որևէ այլ շտամ դեռևս չի հայտնաբերվել»։

Վիրուսի «դելտա» տարբերակը առավել արագ է տարածվում, հոսպիտալացման դեպքերն ավելանում են, հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում։

Օրեցօր աճող քովիդի թվերի ֆոնին շարունակվում է պատվաստումային գործընթացը, որ Հայաստանում մեկնարկեց կես տարի առաջ։ COVID-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 335 հազար 721 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել բնակչության 7,4, երկրորդը՝ 4,1 տոկոսը։ Սա շարունակում է մնալ ամենացածր ցուցանիշը տարածաշրջանում։

Այժմ Հայաստանում 18-ից բարձր բոլոր անձանց համար անվճար կիրառվում է 3 տեսակի պատվաստանյութ՝ բրիտանաշվեդական «ԱստրաԶենեկան», ռուսական «Սպուտնիկ Վին» և չինական «Սինոֆարմը»։

 

 
 

  • Կիսվել: