հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զարգացնելով սաթյանական ավանդույթները՝ դրանք փոխանցում եք Ձեր սաներին․ Արմեն Սարգսյանը՝ Արամ Սաթյանին

Զարգացնելով սաթյանական ավանդույթները՝ դրանք փոխանցում եք Ձեր սաներին․ Արմեն Սարգսյանը՝ Արամ Սաթյանին

Հանրապետության նախորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին ծննդյան 75-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում են չորորդ նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասվում է։

«Ձեր հարցազրույցներից մեկում ասում եք, որ «կոմպոզիտորն առաջին հերթին փիլիսոփա է, նա իր ստեղծագործության մեջ պետք է կարողանա ամփոփել ժամանակը, արտացոլել ժամանակի ոգին»: Ձեր հոբելյանի առիթով ցանկանում եմ ասել, որ ի դեմս բազմաթիվ սիմֆոնիկ, էստրադային ու կամերային ստեղծագործությունների, կինոյի ու թատրոնի համար գրված երգ ու երաժշտության, Ձեզ, իրոք, հաջողվում է դա անել: «Թռչեի մտքով տուն»...

Տարբեր առիթներով և հատկապես պատերազմական օրերին հաճախ ենք լսել հրաշալի «Մարտիկի երգը», որի երաժշտությունը Մեծ հայրենականի տարիներին գրել է Ձեր հորեղբայրը՝ Աշոտ Սաթյանը: Այսօր Ձեր ստեղծագործությունները, հարստացնելով Ժամանակակից հայ երաժշտարվեստը, շարունակում են Սաթյանների կոմպոզիտորական գերդաստանի ավանդույթները:

Մասնավորապես, Ձեր հեղինակած «Լիլիթ» փոփ օպերան համարվում է այդ ժանրում գրված առաջին հայկական ստեղծագործությունը։ Զարգացնելով հայ մշակույթի, այդ թվում՝ և սաթյանական ավանդույթները՝ Դուք, դրանք փոխանցում եք նաև Ձեր սաներին: Իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը նորովի է խթանել ստեղծագործական միության աշխատանքները: Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ստեղծագործական եռանդ»:

  • Կիսվել: