երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
 Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել պրեկոմայով, ինչը խիստ մտահոգիչ է. Թագուհի Թովմասյան

Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել պրեկոմայով, ինչը խիստ մտահոգիչ է. Թագուհի Թովմասյան

Այցելել եմ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին, ում վիճակն իսկապես շատ ծանր է, ծայրահեղ բնութագիրը կսազեր: Ազգային ժողովում Հայաստանի և Արցախի ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը, մասնավորապես, հայտնեց, որ Արմեն Չարչյանին Նորք մարաշ բժշկական կենտրոնից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ինֆարկտը ստանալու 9-րդ օրը․

«Նախօրեին՝ Քանաքեռ Զեյթուն ԲԿ՝ արդեն պրեկոմայով է տեղափոխվել: Կալանավոված բժշկի թույլտվությամբ հրապարակում եմ նաեւ դիաբետի տվյալները՝ նրա շաքարը 20 է եւ չի իջնում:

Այնպիսի տպավորություն է, որ բժիշկների վրա ճնշում կա գործադրված, որի արդյունքը այն է, որ ուրբաթ օրը կալանավայր գնացած հիվանդը կոմայով չորեքշաբթի տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
 
Եւ այս իրավիճակում ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել ՀՀ առողջապահության նախարարի վարքագծի վրա. մարդ, որ պարտավոր է առողջապահության ոլորտի առանցային անհատականությունների գոնե առողջությամբ հետաքրքրվել, բայց նա չի տեսակցել, չի հետաքրքրվել, չի այցելել պարոն Չարչյանին:
 
Հիմա իրավական մասը՝ Չարչյանը կալանավորված է այն հիմքով. որ լինելով Իզմիրլյան հիվանդանոցի տնօրեն կարող է խոչընդոտել քննությանը, ազդել գործով անցնող վկաների վրա: Բայց Չարչյանի մասով նախաքննությունը վաղուց ավարտվել է եւ գործը գտնվում է դատարանում. հետեւաբար՝ նախաքննությանը խոչընդոտելու հիմքն ուղղակի վերացել է: Եւ ստացվում է՝ քաղաքական հրամայական է՝ Արմեն Չարչյանին պահել բանտում:
Բացի այդ, Չարչյանը խիստ անհանգստացնող տեղեկություն փոխանցեց մեր զրույցի ընթացքում. նա ասաց, որ իրեն խոշտանգում են, քաղաքական հալածանքներ են իրականացնում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով, ով ազդել է ինչպես վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանի, այնպես էլ դատավոր Լուսինե Աբգարյանի վրա. Ավելին՝ հուլիսի սկզբին կայացած դատական նիստի օրը Ջհանգիրյանը հանդիպել է Լուսինե Աբգարյանի հետ: Սա խիստ մտահոգի իրավիճակ է և ես իհարկե խոսեցի նաեւ Գագիկ Ջհանգիրյանի հետ, ով կատարյալ անհեթեթություն որակեց իր մասնակցությունը նման գործընթացներին: Այս իրողությունները հաշվի առնելով. Կարծում եմ՝ անհապաղ պետք է Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոփոխվի, քանի որ ակնհայտորեն մարդն ունի առողջական լուրջ խնիրներ եւ կարող են լինել ամենաանցանկալի հետեւանքներ»,- ասաց պատգամավորը:
 

 

  • Կիսվել: