հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Արմավիր» ՔԿՀ կալանավորը չի ենթարկվել ծառայողների պահանջներին, փորձել է գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին

«Արմավիր» ՔԿՀ կալանավորը չի ենթարկվել ծառայողների պահանջներին, փորձել է գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ. Մ.-ն ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու նպատակով սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ինքնազգացողության կտրուկ վատթարացման սիմուլյացիայով շտապ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ բժշկական զննությամբ չհայտնաբերելով ոչ մի առողջական խնդիր՝ նրան վերադարձրել են հիմնարկ։

Այնուհետեւ հանցավոր մտադրությունն իրականացնելու եւ ավարտին հասցնելու համար ժամը 00:55-ի սահմաններում կալանավորված անձ Տ. Մ.-ն կրկին ձեւացրել է ինքնազգացողության վատթարացում, որի արդյունքում նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հերթական բժշկական զննությունն անցնելուց հետո նրան 04։30-ի սահմաններում վերադարձրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Տ. Մ.-ին, որի ընթացքում վերջինս, չենթարկվելով ծառայողների օրինական պահանջներին, փորձել է դեռեւս անհայտ ճանապարհով իրեն փոխանցված եւ գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին: Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.0 եւ 3.02 գրամ քաշերով երկու առանձնացված փաթեթներ, ինչպես նաեւ ապակյա սրվակ՝ կեսից ավելին լցված թմրամիջոց ներարկելու համար նախատեսված, անհիդրիդ հիշեցնող թափանցիկ լուծույթով:

 Այնուհետ հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել վերոնշյալ կալանավորված անձի խուցը, ինչի արդյունքում հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, wi-fi  սարք եւ USB լար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

  • Կիսվել: