ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առիթմիաների պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ պարտադիր չէ դրանք կապված լինեն սրտանոթային համակարգի հետ, ուստի բոլոր դեպքերում բժշկի դիմելը պարտադիր է․ Արմեն Խաչատրյան

Առիթմիաների պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ պարտադիր չէ դրանք կապված լինեն սրտանոթային համակարգի հետ, ուստի բոլոր դեպքերում բժշկի դիմելը պարտադիր է․ Արմեն Խաչատրյան

Սրտանոթային խնդիրները ամենատարածված հիվանդությունների շարքին են դասվում, այդ շարքի հիվանդությունները չբուժվելու դեպքում, դրանք շղթայական րեակցիայով անդրադառնում են նաև այլ օրգան-համակարգերի վրա, առաջացնելով նորանոր խնդիրներ։ Ահա թե ինչու է կարևոր առաջին իսկ ախտանշանների դեպքում անմիջապես դիմել մասնագետի և չանտեսել խնդիրը։ Սրտանոթային սպեկտրի հիվանդությունների, դրանց հետևանքների և բուժման արդի մեթոդների մասին Infoport.am-ը այս անգամ զրուցել է «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» բժշկական կենտրոնի սրտաբան-ինտերվենցիոն առիթմոլոգ, էլեկտրաֆիզիոլոգ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

-Բժիշկ, կնշե՞ք սրտանոթային սպեկտրի ամենատարածվածն խնդիրներից մեկի՝ սրտի ռիթմի խանգարման առաջացման պատճառները ու հետեւանքները։

-Այս խնդրի առաջացման պատճառները կարող են բազմաբնույթ լինել՝ կախված հիմնական հիվանդությունից: Երբ կառուցվածքով նորմալ սրտի պայմաններում ռիթմի խանգարում ենք ախտորոշում, դա համարվում է առաջնային առիթմիա, իսկ երկրորդային առիթմիան՝ հետևանք է սրտի կրած կառուցվածքային փոփոխությունների: Դրանք են՝ սրտի իշեմիկ հիվանդությունից առաջացած ինֆարկտը, հիպերտոնիկ հիվանդության արդյունքում սրտի պատերի հիպերտրոֆիան, այդ թվում կառուցվածքային խնդիրների ժամանակ՝ փականային հիվանդություններ ու բնածին արատներ: Այս ամենից կախված՝ գոյություն ունեն սրտի ռիթմի խանգարումների տարբեր տեսակներ, որոնք էլ ունեն տարբեր ախտորոշումներ՝ բարորակ խնդիրներից, մինչև սրտային հանկարծամահություն:

-Խոսենք առիթմիաների տեսակների մասին․․․

-Առիթմիաների տեսակները չափից շատ են՝ դասակարգումները բավականին մեծ: Կոնկրետ միջամտական առումով առիթմիաները կարելի է բաժանել մի քանի խմբերի. Ֆիզիոլոգիական` միջամտության ոչ ենթակա; դեղորայքային բուժման ենթակա և միջամտության միջոցով բուժվող առիթմիաներ` դա կարող է լինել աբլացիայի միջոցով, հատուկ սարքերի տեղադրման միջոցով եւ, բնականաբար, կան կոմբինացված տեսակներ, որոնք բուժվում են եւ դեղորայքով, եւ միջամտություններով:

-Ինչպիսի՞ ն են առիթմիաների առաջին ախտանշանները:

-Շատ ինդիվիդուալ է. պացիենտ կա, որ շատ զգայուն է եւ սրտի ռիթմի ցանկացած շեղում, նույնիսկ ոչ էական զգում է, պացիենտներ կան, սակայն, որ բավական երկար ժամանակ ունեն առիթմիա եւ ոչինչ չեն զգում: Ընդհանուր առմամբ նկատվում է սրտի անկանոն աշխատանք` սրտի կանգի զգացողություն, որից հետո սիրտն սկսում է ավելի արագ բաբախել, եւ այդ պարագայում արդեն պետք է անպայման դիմել բժշկի, լինել սրտաբանի հսկողության տակ: Դրա պատճառները շատ տարբեր կարող են լինել, եւ պարտադիր չէ, որ այն լինի սրտային խնդիր: Առիթմիաները կարող են ի հայտ գալ արտասրտային, էնդոկրին համակարգի, արյան տարբեր խնդիրների առկայության դեպքերում:

-Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում:

-Առիթմաների դեպքում ռիսկի խմբում գտնվող կին-տղամարդ հարաբերակցությունը համարյա թե հավասար է, ի տարբերություն իշեմիկ հիվանդությունների, որոնց դեպքում թիրախային խմբում ավելի շատ տղամարդիկ են: Մինչդեռ կան առիթմիաների տեսակներ, որոնցով ավելի շատ կանայք են տառապում։ Տարիքային առումով ռիսկային խումբը, ինչպես բոլոր սրտային հիվանդությունների դեպքում, քառասունից բարձրն է, իսկ կենսակերպի առումով ռիսկի խմբում են ալկոհոլը, ծխախոտը չարաշահողները, գիրությամբ, ճարպակալմամբ տառապողները, էնդոկրին խնդիրներ ունեցողները:

-Ի՞նչ ռիսկեր ունի ռադիոհաճախային աբլյացիան:

-Ռադիոհաճախային աբլյացիան, կախված առիթմիայի տեսակից, կարող է նույնքան ռիսկային լինել, որքան բոլոր վիրահատական միջամտությունները՝ բարդությունների դեպքում: Ռիսկերը տարբեր են՝ սկսած ԱՎ հանգույցի այրումից, որը կարող է բերել լրիվ ԱՎ պաշարման։ Այդ դեպքում պահանջվում է սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա: Կարող են առաջանալ նաեւ այլ խնդիրներ, բայց այդ բարդությունները չեն գերազանցում մեկ տոկոսը, որը բավականին փոքր ցուցանիշ է։ Կոնկրետ մեր կլինիկայում նման բարդություններ գրեթե չեն լինում, քանի որ այն հագեցած է բոլոր անհրաժեշտ բաժանմունքներով, սարքավորումներով, եւ ցանկացած խնդիր գտնում է իր արագ լուծումը մեր բժիշկների թիմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

-Բժիշկ, շատ հաճախ սրտի կծկումներին, որպես այդպիսին ուշադրություն չեն դարձնում, բավարարվում են հանգստացնող հաբեր ընդունելով, չմտածելով, որ այն կարող է հանգեցնել սրտային լուրջ հիվանդությունների։ Ձեր խոսքը այս առումով․․․

-Այո, շատ կարեւոր ու արդի հարց եք բարձրաձայնում, որովհետեւ կան առիթմիաներ, որոնք նորմայի մեջ են եւ դա չի կարող ազդել հիվանդի կյանքի որակի վրա։ Բայց կան առիթմիաներ, որոնք ի դեպ առաջ ավելի տարածված էին, սակայն այժմ գնալով հազվադեպ են դառնում, խոսքը պարոքսիզմով տախիկարդիաների մասին է, որոնք հիմնականում առաջանում են դեռհասության եւ սեռահասունության տարիքում և որոնց հաճախ լուրջ չեն վերաբերվում, մտածելով՝ դե կմեծանա - կանցնի, չգիտակցելով, որ իրականում դրա տակ բավականին լուրջ խնդիր է թաքնված։ Սկզբնական շրջանում այդ խնդիրը ամբողջությամբ բարորակ է, բայց ժամանակի ընթացքում նոպաները դառնում են ավելի հաճախ ու ավելի երկարատեւ, պահ է գալիս , որ ինքնուրույն չի ընդհատվում, ընդհատվում է միայն դեղորայքային միջամտությունից հետո, ապա  միայն ներերակային դեղորայքի միջոցով, հետագայում առիթմիան դառնում է չափից շատ կայուն եւ կարող է վերածվել ինսուլտի առաջացման բավականին մեծ ռիսկով հղի առիթմիայի։

Առիթից օգտվելով ցանկանում եմ հասարակությանը, որպես մասնագետ, մեկ անգամ եւս հորդորել, որ սրտի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում դիմեն բժշկի, ինչու ոչ դիմեն հենց մեր բժշկական կենտրոն, որովհետեւ մենք իրականացնում ենք կոմպլեքս բուժում, ժամանակակից բոլոր նորարարություններին համապատասխան։ Մեր բկ-ի տնօրենը, ով նաեւ պրակտիկ բժիշկ է, անձամբ է սիրով ու ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ հետեւում  ցանկացած պացիենտի հիվանդության վարման պատմությանը ու բուժմանը։ Հենց Միքայել Ադամյանի շնորհիվ է, որ մենք ինվազիվ առիթմոլագիայի առումով չունենք որեւէ սահմանափակում և կարողանում ենք կատարել սրտի հետ կապված ամենաբարդ վիրահատությունները։

  • Կիսվել: