ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արցախի էջը փակված չէ․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ամանորյա ուըղերձը

Արցախի էջը փակված չէ․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ամանորյա ուըղերձը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ամանորյա ուըղերձում շեշտադրվում է, որ անցնող 2023 թվականը "ահավոր հուսահատության և խոր հուսախաբության տարի էր հայ ազգի համար"։

"Ապրում ենք անկանխատեսելի վտանգներով լեցուն ժամանակներում։ Այդուհանդերձ Արցախի էջը փակված չէ հայ ժողովրդի համար։ Պետք է ազգովի պայքարել միջազգային օրենքին
համաձայն երաշխավորելով Արցախի հայության վերադարձը։ Արցախի ժողովուրդը չպետք է համալրի Սփյուռքի շարքերը",- շեշտել է Արամ Ա-ն։ 

Նա նաև ըևնդգծել է Բաքվում կալանավորված Արցախի ղեկավարներին շուտափույթ վերադարձնելու կարևորությունը։  

Արամ Ա-ն շեշտեց, որ հայ ազգը նոր ռազմավարության կարիք ունի, որը դուրս կբերի մեր ժողովուրդը այս վիճակից, քանզի աշխարհը լուռ է հայոց արհավիրքների ժամանակ։ "Լուռ են նաև մեր անվտանգության երաշխավորները",- նկատեց նա։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շեշտեց, որ Արցախը "լուծարող" հրամանագիրը պետք է չեղարկվի, ԱՀ պետական կառույցները պետք է շարունակեն գործել, այս ամենին պետք է տրվի իրավական հիմք։ "Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է որդեգրեն նոր ռազմավարություն և դուրս գան զուտ զիջողի կարգավիճակից։ Եվ այս հարցում մենք պետք է օգտագործենք աշխարհասփյուռ մեր ներուժը, քանզի եթե կորցրեցինք Արցախը, կարող ենք կորցնել նաև Հայաստանի տարածքները։ Մենք պետք է ճիշտ ըմբռնենք տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը, մենք պետք է հավասարակշռված քաղաքականություն վարենք Արևելքի և Արևմուտքի միջև, խուսափենք այդ աշխարհագրական ուղեծրերի միջև  քավության նոխազ դառնալուց։ Սփյուռքը իրավունք չունի լուռ մնալու Հայաստանի ներկայիս կացության ժամանակ։ Ոչ էլ Հայաստանը իրավունք ունի անտեսել հզոր հայկական Սփյուռքը։ Սփյուռքը պետք է օգտագործի իր մեծ ներուժը Հայրենիքին օգնելու համար։ Իմ հայ ժողովուրդ, սպառած լոզունգներով և օրակարգերով այլևս չենք կարող գոյատևել։ Մեր արժեքները սկսել են խարխլվել։ Հայաստան և Սփյուռքը սկսել են իրարից հեռանալ։ Այսօր մեր ազգի առաջնահերթ օրակարգը Հայոց պետության փրկությունն է, սրա շուրջ մենք պետք է համախմբվենք ազգովի",- շեշտեց Արամ Ա-ն։ 

Նա նաև ընդգծել է, որ հայ ժողովրդին պետք է այս նպատակները իրագործող, ազգի պառակտվածությունը վերացնող և ազգը համախմբող իշխանություն։ 

     

  • Կիսվել: