հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Առանձնակի դաժանությամբ սպանված կինը 2017-ին ԵՊՀ-ից առեւանգված դասախոսն է

Առանձնակի դաժանությամբ սպանված կինը 2017-ին ԵՊՀ-ից առեւանգված դասախոսն է

Մայիսի 4-ին Երեւանում առանձնակի դաժանությամբ կնոջ սպանության մեջ մեղադրվող Ն. Ս-ն համայնքներից մեկի ղեկավարի որդին է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ին կինը լքել էր, ամուսնալուծվածի կարգավիճակում էին, գրում է Aravot.am-ը:

Այս տեղեկությունը սակայն, Ն. Ս-ի հայրը Aravot.am-ի հետ զրույցում մասամբ հերքեց. «Չգիտեմ՝ ով է ձեզ նման տեղեկություն տվել, ես նման տեղեկություն չունեմ: Այնպես չէ, որ միասին էին, բայց ամուսնալուծված էլ չէին»: Սպանության մեջ մեղադրվողի հայրն ասաց՝ տեղեկություն չունի, թե որդին ինչ հաշիվներ է ունեցել կնոջ հետ, ինչ է փորձել պարզել կնոջից դեպքի օրը: Նա ասաց, որ որդու ընտանեկան հարցերից հստակ տեղեկություն չունի:

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ն թմրամիջոցի ազդեցության տակ է կնոջը սպանել, մեր զրուցակիցն այս տեղեկությանն այսպես արձագանքեց. «Թող բժշկությունն արդեն դրանով հետաքրքրվի, իմանա, եթե հիմա ասեմ՝ ոչ, կարող է մտածեք, տղայիս պաշտպանում եմ: 32 տարի իմ տղան է, նման բան իր մոտ չեմ տեսել, ոչ թմրամիջոց, ոչ ալկոհոլ, ոչ էլ հասարակ սիգարետ»:

Մեր զրուցակիցն ասաց՝ հեռախոսներից է լուրի մասին տեղեկացել, դեռ չգիտի՝ ինչքանով է լուրը հավաստի: Հետաքրքրական է, որ Ն. Ս-ն մամուլում հայտնվեց դեռ 2017-ին, ընկերներով ԵՊՀ դասախոս Տ. Ա-ին առեւանգելու դեպքով: Այդ ժամանակ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին դեպքի առթիվ: Ն. Ս-ի կողմից սպանվածը հենց ԵՊՀ դասախոս Տ. Ա-ն է, որը փաստորեն դարձել էր նրա կինը:

Ն. Ս.-ն նաեւ նախկին դատապարտյալ է: Նրան մեղադրանք էր առաջադրվել 2016 թվականի հուլիսի 25-ին ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի դեպի «Հրաշք այգի» ռեստորանային համալիր տանող ավտոճանապարհային՝ ջրատար խողովակների մոտ, նախկինում վերցրած ապրանքի գումարից մնացած 400.000 ՀՀ դրամ պարտքը վերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակչի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ դեմքի ձախ կողային հատվածին, ծնոտին, մարմնի մյուս մասերին՝ նրա առողջությանը՝ կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի, կրծքավանդակի հետին մակերեսի արյունազեղման, պնևմեդիաստինումի, տրավմատիկ պնևմոթորաքսի, ձախ հայմորյան խոռոչի պատերի, ձախ այտային աղեղի, վերին ծնոտի ճակատային ելունի, քթոսկրի աջ թևի կոտրվածքների, դեմքի փափուկ հյուսվածքների տրավմատիկ այտուցի, զույգ վերին, ստորին կոպերի՝ արյունազեղումների ձևով պատճառելով ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Ն. Ս-ի հայրը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ որդու ամուսնությունից հետո հարսի ծնողների հետ շփում չեն ունեցել:

  • Կիսվել: