շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում

Առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները:

Ըստ այդմ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացում՝ ենթակառուցվածքների՝ շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում։

Գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ:

Մինչև 2030թ. նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 400 դպրոցում (2026թ. թիրախը` 300 դպրոց): 300 դպրոց ծրագրի նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում։

Առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար՝ նոր չափորոշիչով կարողունակությունները զարգացնելու վրա հիմնված կրթություն իրականացնելու նպատակով։ Առանձին խնդիր է դպրոցներում մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, դրանց բավարար վիճակը և հագեցվածությունը անհրաժեշտ գույքով։

Կրթության որակի բարձրացմանը նպաստող գործոնները բազմազան են և փոխլրացնում են միմյանց, որոնցից էական նշանակություն ունի հատկապես հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, ապահով և անվտանգ միջավայրի ստեղծումը, նոր գույքով, սարքավորումներով հագեցումը:

 

  • Կիսվել: