շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջարկվում է կանոնակարգել աղբի հավաքման, տեսակավորման, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները

Առաջարկվում է կանոնակարգել աղբի հավաքման, տեսակավորման, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ, որով առաջարկվում է կանոնակարգել աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:

Նշվում է նաև, որ զուգահեռ փոփոխություններ կկատարվեն նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Աղբամաններում կամ կոնտեյներներում, բժշկական թափոնների, մարտկոցների ու կուտակիչների, 1 խմ և ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի, ձյան և սառույցի տեղադրումը, ինչպես նաև այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը, ֆիզիկական անձը կարող է տուգանվել 5000-10.000, իսկ իրավաբանական անձը՝ 20.000-30.000 դրամի չափով։

Նշենք, որ պայթուցիկ, դյուրավառ, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից և այլ կենսաբանական աղբի, ինչպես նաև առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում՝ առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 10.000-20.000, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 80.000-100.000 դրամի չափով։

Ինչպես հայտնի է՝ աղբավայրերում բաց եղանակով այրման կազմակերպումն առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20.000-30.000, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200.000-300.000 դրամի չափով։

Իսկ գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարման համար աղբավայր շահագործողը կարող է տուգանվել 100.000-300.000 դրամի չափով:

 

  • Կիսվել: