շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապագա հայ դիվանագետները մարդու իրավունքների վերաբերյալ խորը գիտելիքներ են ստացել ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում

Ապագա հայ դիվանագետները մարդու իրավունքների վերաբերյալ խորը գիտելիքներ են ստացել ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում

Հայաստանի դիվանագիտական դպրոցը, Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Խաղաղության համալսարանի (UPEACE) հետ համագործակցությամբ առաջին անգամ ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում «Բազմակողմ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցում» խորագրով վերապատրաստում է կազմակերպել:

Մայիսի 23-24-ը տեղի ունեցած վերապատրաստումը Բրյուսելում և Ստրասբուրգում եվրոպական ինստիտուտների նախաձեռնած երկարատև ու հարուստ կրթական ծրագրի մասն էր: Տարբեր քննարկումների ու սեմինարների շրջանակում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ու փորձագետներն ապագա դիվանագետների հետ կիսվել են նախորդ տարիներին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի զարգացրած առաջատար փորձով:

Մարդու իրավունքների խորհրդի նախագահը, ՄԱԿ-ի գրադարանի տնօրենը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի համապատասխան մասնաճյուղերի ղեկավարները Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել են տարբեր նորմատիվ-իրավական ակտերը: Ապագա հայ դիվանագետները խորը գիտելիքներ և գործնական փորձառություն ստացան պայմանագրային մարմինների համակարգի, հատուկ ընթացակարգերի և տնտեսական, սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչը շատ օգտակար կլինի հետագայում հաջող կիրառելու տեսանկյունից:

Խաղաղության համալսարանի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարարության այս նախաձեռնությունը կարևոր փորձառություն է կրթության և դիվանագիտության ոլորտում:

  • Կիսվել: