չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անհրաժեշտ է կոտրել առաջնային բուժօգնության օղակների նկատմամբ բնակչության անվստահության կարծրատիպը. «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի տնօրեն

Անհրաժեշտ է կոտրել առաջնային բուժօգնության օղակների նկատմամբ բնակչության անվստահության կարծրատիպը. «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի տնօրեն

Առաջնային բուժօգնության օղակի մատուցած բուժծառայությունների, աշխատանքի առանձնահատկությունների, գրանցած հաջողությունների, առկա դժվարությունների, ապագայի ծրագրերի և, որ ամենակարևոն է, բնակչության շրջանում պոլիկլինիկական սպասարկման նկատմամբ առկա անվստահության կարծրատիպի վերացման անհրաժեշտության մասին InfoPort.am-ը «Առողջապահություն» խորագրի ներքո զրուցել է «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի տնօրեն ՄԱՐԻՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

-Տիկին Սիմոնյան, առհասարակ հասարակության շրջանում կա կարծրացած մտածելակերպ, որ  առաջնային բուժօգնության օղակներում բարձր մակարդակի բժշկական ծառայություններ չեն մատուցվում: Ըստ Ձեզ ինչո՞վ է պայմանավորված այս կարծրատիպը եւ ին՞չ եք անում Դուք, որպեսզի, այսպես ասած, կոտրեք այդ մտայնությունը:     

-Ընդհանուր առմամբ ճիշտ եք. մարդիկ վստահում են հիվանդանոցի բժշկին, վերջինիս կողմից նշանակված հետազոտությունների արդյունքներին և բուժմանը: Մինչդեռ ԱԱՊ օղակի բժիշկն առաջինն է տեղեկացված տվյալ բնակչի և կենցաղային , և առողջական խնդիրներով: Այսօր ԱԱՊ բժիշկն աշխատում է էլեկտրոնային առողջապահական՝ ԱրՄեդ համակարգով, որն աշխատատար  ու ժամանակատար է, քանի որ հիվանդի այցելության ժամանակ նա պետք է կատարի հիվանդի բուժզննում, նշանակի հետազոտություններ, բժշկական խորհրդատվություն, ամփոփելով այցը՝ նշանակի բուժում: ԱԱՊ բժշկին վերապահելով ԱրՄեդ համակարգի էլեկտրոնային մուտքագրողի գործառույթը՝ դեռևս չի թեթևանում բժշկի աշխատանքը, քանի որ բացի էլեկտրոնային մուտքագրումներից բժիշկը վարում է նաև թղթային բոլոր ձևակերպումները: Հավելեմ, որ ԱԱՊ օղակում աշխատող բուժանձնակազմի վարձատրությունը կատարվում է հիմնականում պետբյուջեից, վճարովի ծառայությունները սահմանափակ են, փաստացի աշխատավարձի վարձատրման ավելացում տեղի չի ունենում, բուժանձնակազմը ցածր վարձատրմամբ պարտադրված է իրականացնել ավելի մեծ աշխատանքի ծավա , որն էլ դժգոհություն է առաջացնում թե բուժօգնություն մատուցողի, և  թե ծառայություն ստացողների կողմից:

Ներկայումս, սակայն, մարզի ղեկավարության և տնօրինության կողմից միջոցներ են ձեռնարկվում բժիշկների աշխատանքները թերբեռնել, ԱրՄեդ  ծրագրում  ընդգրկել նաև մուտքագրող օպերատորներին և միջին բուժանձնակազմին, կազմակերպվում են մասնագիտական շարունակական զարգացման դասընթացներ ՝  առկա, և առցանց բժիշկների մասնագիտական որակավորումը բարձրացնելու և այդ կարծրատիպը կոտրելու նպատակով:

-Տիկին Սիմոնյան, առհասարակ, երբ խոսում ենք Գուգարքի պոլիկլինիկայի մասին, տեղացիները առաջին հերթին Ձեր բարյացակամ վերաբերմունքն են շեշտում: Արդյո՞ք բարյացակամ վերաբերմունքին զուգահեռ` պոլիկիլինիկան զինված է այն համապատասխան բուժսարքավորումներով, որոնք անհրաժեշտ են առաջնային օգնություն ցուցաբերելու համար:

-Այսօր բարյացակամ վերաբերմունքի կարիքն ունի յուրաքանչյուր պացիենտ, հատկապես անօգնական վիճակում գտնվող հիվանդը: Յուրաքանչյուր բուժաշխատողիս պարտքն եմ համարում մարդկային ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելը հիվանդի նկատմամբ: Այդ վերաբերմունքին զուգահեռ պոլիկլինիկայի յուրաքանչյուր կաբինետ պետք է հագեցված լինի ՀՀ Կառավարության 05.12.2002թ. N1936-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներով ու պայմաններով:  «Գուգարք»ԿՊ ՊՓԲԸ-ն ապահովված է վերոնշյալ որոշմամբ հաստատված համապատասխան կադրերով ու բուժսարքավորումներով:

-Հիմնականում ի՞նչ խնդիրների հետ եք բախվում Դուք, որպես պոլիկլինիկայի տնօրեն, որո՞նք են պոլիկլինիկաների առջեւ ծառացած առաջնային խնդիրները:

-Առաջնային խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումն այսօր համակարգային ու հիմնարար փոփոխություններ է պահանջում: Ես որպես պոլիկլինիկայի տնօրեն ցանկանում եմ միջոցներ գեներացնել պոլիկլինիկայի վերազինման, զարգացման համար, բարելավել շենքային պայմանները, պոլիկլինիկան համալրել նոր նեղ մասնագիտական ծառայություններով և ժամանակակից բուժսարքավորումներով` բնակչության բուժսպասարկման որակի բարելավման համար:

-Տիկին Սիմոնյան, խոսենք նաեւ պոլիկլինիկայի մատուցած ծառայությունների մասին:

-Պոլիկլինիկայի մատուցած առաջնային ծառայությունը, բնականաբար, տեղամասային թերապևտի կողմից բուժշսպասարկումն է, անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրումը, նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայությունները, մասնագիտացված դիսպանսերային ծառայությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություները, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննությունը և բուժումը, սոցիալական  փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունը, մանկական վերականգնողական ծառայությունը: Այս ամենը պետպատվերի շրջանակում...

Մատուցվում են նաև վճարովի ծառայություններ. 18 տարեկանը  լրացած անձանց համար իրականացվող ներքոնշյալ ծառայություններն են՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թվականի N 347-Ն և 2004 թվականի N1089-Ն որոշումների համապատասխան նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննությունները, տնային պայմաններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, առանց բժշկական ցուցումների և համապատասխան ուղեգրման բժշկական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, այն նեղ մասնագիտական և լաբորոտոր-գործիքային ծառայությունները, որոնք չեն մտնում պետպատվերով երաշխավորված անվճար բուժ օգնության  և սպասարկման ցանկի մեջ, սոցխմբերում չընդգրկված անձանց համար ֆիզիոթերապևտիկ բուժօգնությունը:

-Հարցազրույցի սկզբում Դուք նշեցիք այն խնդիրները, որոնց հետ առնչվում են առաջնային բուժօգնություն մատուցող հաստատությունները, այս խնդիրների լուծման հարցում Դուք հանրապետական և մարզային իշխանությունների կողմից աջակցություն զգու՞մ եք:

-Լոռու մարզպետարանն ի դեմս Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանի, միջոցառումներ է ձեռնարկում պոլիկլինիկական ոլորտի զարգացման համար՝ ուժեղացնելով առողջապահական համակարգ մուտք գործելու մատչելիությունը: Առողջապահական ոլորտի հետագա զարգացման հարցում մեծ դեր են խաղացել մարզպետի օժանդակությամբ իրականացված տարբեր ծրագրեր:

Մասնավորապես մարզպետի և Առողջապահության նախարարության օժանդակության շնորհիվ  «Գուգարք» ԿՊ ՊՓԲԸ –ում 2021 թվականի սեպտեմբերին ներդրվեց «Կյանք առանց ցավի» ծրագիրը, որի նպատակն է բարելավել թիրախային շահառուների շրջանում  պալիատիվ խնամքի  և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը:

Լոռու մարզպետի միջնորդությամբ մեզ մոտ 2022 թվականի աշնանից կմեկնարկի Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող 3-18 տարեկան աուտիզմի համախտանիշով տառապող երեխաների վարքագծային առանձնահատկությունների հաղթահարմանն ուղղված ծրագիրը:

  • Կիսվել: