Գազայում իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ լրագրող, փրկարարներ և ԿԽՄԿ աշխատակիցներ
Գազայի հատվածի վրա իսրայելական ռազմական հարվածների հետևանքով կիրակի օրը զոհվել է առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում՝ փրկարարական ծառայության բարձրաստիճան աշխատակից և լրագրող, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմիններին։
Ըստ բժիշկների, մարդկանց մահվան վերջին դեպքերը իսրայելական արշավի ընթացքում տեղի են ունեցել առանձին իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսի, հյուսիսում՝ Ջաբալիայի և կենտրոնական մասում՝ Նուսեյրաթի վրա։
Ջաբալիայից հայտնել են, որ տեղացի լրագրող Հասան Մաջդի Աբու Վարդան և նրա ընտանիքի մի քանի անդամներ սպանվել են նրա տան վրա հասցված ավիահարվածի հետևանքով։
Նուսեյրաթում մեկ այլ ավիահարվածի հետևանքով զոհվել են քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայության բարձրաստիճան աշխատակից Աշրաֆ Աբու Նարը և նրա կինը, որոնք գտնվել են իրենց տանը։
Գազայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Աբու Վարդայի մահվամբ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում սպանված պաղեստինցի լրագրողների թիվը հասել է 220-ի։ Ավելի ուշ կիրակի օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ իր երկու աշխատակիցները՝ Իբրահիմ Էյդը և Ահմադ Աբու Հիլալը, սպանվել են շաբաթ օրը Խան Յունիսում բնակելի տան գնդակոծության հետևանքով։
«Նրանց սպանությունը վկայում է Գազայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի անթույլատրելի թվի մասին։ ԿԽՄԿ-ն կրկին հրատապ կոչ է անում հրադադար հաստատել և հարգել ու պաշտպանել քաղաքացիական անձանց, ներառյալ բժշկական անձնակազմին, մարդասիրական օգնության ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության անձնակազմին»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։