շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողերը հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

Անհետ կորած զինծառայողների ծնողերը հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ:

Ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

«Շուրջ 3 տարի է՝ մեր տղաներից լուր չունենք, ԱԱԾ-ն նորմալ չի զբաղվում, բոլոր կառույցները մոռացել են մեր երեխեքին: Ոչինչ չի արվում նրանց գտնելու և Հայաստան բերելու համար: Նիկոլ Փաշինյանից պատասխան ենք ուզում»,-ասաց ծնողներից մեկը:

Ծնողներից Կարինե Մանավազյանն էլ ասաց. «Իրենց թվում է, որ կարող են զինվորներին մի կողմ դնել ու ամեն ինչ մոռացվի: Չի կարող այդպիսի բան լինի: Մարդիկ հիմա չեն գալիս ակցիաներին, որովհետեւ հուսահատվել են արդեն: Ոչ ընդունում են, ոչ լսում են, ոչ հարցին լուծում են տալիս: Այսպիսի  արհամարհանք զինվորի ծնողի հանդեպ չի կարելի: Մերե երեխեքը գնացել են պատերազմ բոլորի համար, նաեւ իրենց համար: Իրենք են տարել, թող իրենք էլ պատասխանը տան: Չի մոռցվելու, հանկարծ չմտածեն, որ մի ծնող հետ է քաշվելու: Ամեն օր ծնողներից մեկի մահն ենք լում: Դա իրենց վերաբերմունքից է: Իր երեխան 3 օր կորի, սաղ Հայաստանը ոտքի կհանի:

Աննա Հակոբյա՛ն, երկու խելապակաս ծնող վերցրեցիր տարար Մարտի 8 արեցիր, ցույց տվեցիր, թե ինչպես են ծնողները ձեռքերը վեր բարձրացրած պարում: Բա ինչո՞ւ չես գալիս տեսնես մյուս ծնողների վիճակը, ինչո՞ւ չես գալիս տեսնում, որ անկողնում ծնողը  մի րոպե հետո մեռնելու է, ինչո՞ւ դա չես նկարում: Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ»:

Կառավարությունից հայտնեցին, թե հնարավոր չէ այդ պահին Փաշինյանի հետ հանդիպումը, որից հետո ծնողները հայտնեցին անժամկետ նստացույցի մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, սակայն վերջինս նրանց չի ընդունել:

  • Կիսվել: