երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անդրեասյանը մասնակցել է Գեղարքունիք համայնքի դպրոցի վերանորոգված գրադարանի բացմանը

Անդրեասյանը մասնակցել է Գեղարքունիք համայնքի դպրոցի վերանորոգված գրադարանի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի՝ հիմնովին վերանորոգված ու նորովի կահավորված գրադարանի բացման արարողությանը: Նախագիծն իրականացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, դպրոցի տնօրենության, ուսուցչական կազմի անդամներ, այլ աշխատակիցներ ու սովորողներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դպրոցի անձնակազմին, ուսուցիչներին և աշակերտներին, ընդգծել է, սկսելով գրադարանից, պետք է ապահովել միջավայրի ամբողջական բարեկարգումը:

«Առաջին անգամ եմ այս դպրոցում ու անկեղծորեն տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Կարող ենք համարել, որ դպրոցում պատշաճ պայմաններ ապահովելու աշխատանքները մեկնարկել են գրադարանից, ինչը շատ խորհրդանշական է. գրադարանը դպրոցի ամենակարևոր վայրերից մեկն է: Գիտեմ, որ մեծ ջանքեր են ներդրվել այս ամենն ունենալու համար: Շնորհակալ եմ այդ աշխատանքի համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցականներին մաղթելով նոր պայմաններում սեփական գաղափարներն առաջ տանելու ոգևորվածություն և քաջություն:

Ժամանակակից չափորոշիչներով վերանորոգվել է գրադարանի երկու սրահ՝ գրապահոցն ու ընթերցասրահը, որի ձևաչափը թույլ է տալիս նաև կինոդիտումներ ու այլ հետաքրքիր նախաձեռնություններ իրականացնել: Ի դեպ, ՀՀ գրադարանների հանրապետական գիտաժողովում դպրոցական գրադարանների միակ ներկայացուցիչը եղել է հենց Գեղարքունիք գյուղից, և ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից գրադարանն արժանացել է «Լավագույն դպրոցական գրադարան» կոչմանը։

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրով դպրոցական շենքերի բարեկարգումն ու նոր գույքով հագեցվածության ապահովումը կարևոր թիրախներից է, որտեղ ներառված է նաև գրադարանների արդիականացումը. «Կարևոր է, որ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում բարեկարգման գործընթացը մեկնարկել է գրադարանից, որը դպրոցի համար թե՛ ուսումնական, թե՛ կրթական ու թե՛ նաև ժամանցի վայր է: Այստեղ ստեղծված են բոլոր հնարավորությունները քննարկումների, ընթերցանության, նախագծերի իրականացման համար: Վստահ եմ՝ սա լավ հիմք է երեխաների հետագա զարգացման համար: Ուրախ էի տեղեկանալ, որ երեխաների շրջանում մեծ է հետաքրքրությունը գրքի նկատմամբ: Կարծում եմ՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցն օրինակ կծառայի նաև մեր մյուս համայնքների դպրոցների համար»:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ևս ողջունել է դպրոցի աշխատակազմին ու սովորողներին նոր գրադարան ունենալու կապակցությամբ. «Սա դպրոցի ու աշակերտների իրականացրած մեծ աշխատանքի արդյունքն է: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում դպրոցի գրադարանավարուհուն, որի կատարած հսկայածավալ աշխատանքը շատ տեսանելի և ողջունելի էր: Հենց այդ ջանքերի շնորհիվ այսօր դպրոցն ունի նորոգված ու լավագույնս կահավորված գրադարան»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շեշտել է, որ իրենց համար դպրոցական գրադարանի ծրագիրը կարևոր ու նշանակալի իրադարձություն է. «Մարդկային պատմություններն առանցքային են մեզ համար, ու Հանրային հեռուստատեսությամբ մենք փորձում ենք ներկայացնել այդպիսի պատմություններ: Բոլորովին պատահական լսեցինք այս գյուղի և դպրոցի գրադարանի պատմությունը, իմացանք, որ այս դպրոցի աշակերտները հավաքում են դեղաբույսեր, պատրաստում են տուփեր, որպեսզի գիրք գնեն իրենց գրադարանի համար: Սա բացառիկ երևույթ է: Իսկապես շնորհակալ եմ: Դուք արժանի եք ավելիին»:

Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի գրադարանում ընթերցողներին հասանելի է ավելի քան 4 հազար գիրք, ևս մի քանիսը գրադարանին նվիրաբերել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գրաֆոնդի համալրման անհրաժեշտությունը. «Անընդհատ պետք է թարմացնել: Կշարունակենք նաև նոր գրքեր տրամադրել: Իհարկե, կարևոր է նաև էլեկտրոնային գրադարաններին բաժանորդագրվելը, դրանց հասանելիությունը: Այս ուղղությամբ ևս պետք է աշխատենք»:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև դպրոցի ենթակառուցվածքային պայմաններին, առկա խնդիրներին՝ արձանագրելով դրանց լուծման անհրաժեշտությունը և ուղիները:

Նախարարին ներկայացվել են դպրոցում գործող ճաշարանը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, համակարգչային սենյակը: 2019 թվականից դպրոցի աշակերտների կողմից ամեն ամիս հրատարակվում է «1+1» պարբերականը: Ժաննա Անդրեասյանը շրջել է նաև դպրոցի այգում, որը 2022 թվականին լավագույնն է ճանաչվել «Դպրոցական մինի այգի» մրցույթում և ստացել դրամական խրախուսում՝ այգեգործության և հողագործության զարգացման նպատակով։ Դպրոցում կան նաև նորատունկ ծառերի և մշակաբույսերի այգիներ, ելակի և լոլիկի ջերմոցներ։

Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները նշանակալի հաջողություններ են գրանցում նաև «Սպորտային սերունդ» ծրագրում, ունեն աղջիկների վոլեյբոլի թիմ:

Դպրոցում ընդհանուր առմամբ 95 աշակերտ է սովորում:

  • Կիսվել: