շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը:

«Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ նախարարը շրջել է բաժանմունքի սրահներում, ծանոթացել աշխատանքային նոր պայմաններին, ծառայության հնարավորություններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը:

Հայաստանում նմանը չունեցող բաժանմունքի ստեղծումը հրամայական էր դարձել ինչպես հիվանդների թվի  ավելացմամբ պայմանավորված, այնպես էլ որակապես նոր, անհետաձգելի ծառայության ստեղծման առումով: Նոր ծառայության ստեղծման հիմքում դրված է բուժօգնությունը պացիենտին մոտեցնելու և հասանելի դարձնելու 
գաղափարը:  

Բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Անահիտ Ավանեսյանին է ներկայացրել անհետաձգելի կարգով բժշկական կենտրոն դիմած հիվանդին ընդունելու նոր կարգը:

Մասնավորապես, տեղեկացրել է, որ սրտամկանի ինֆարկտի, սուր իշեմիկ կաթվածի կասկածի կամ  շտապ այլ դեպքերում կկիրառվեն հատուկ չափորոշիչներ՝ արագ, որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:

1-ին և 2-րդ սրահներում շրջելուց հետո նախարարը ծանոթացել է նաև բաժանմունքի ախտորոշիչ  ծառայություններին: Ռադիոլոգիական կենտրոնի գիտական  ղեկավար Կոստան Գալումյանը մանրամասնել է, որ ծրագրերը  համապատասխանեցվել են շտապ դեպքերում ճշգրիտ  ախտորոշման պահանջներին, որոնք առավել կարևոր են հատկապես սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագրով հիվանդների ախտորոշման համար:

Նախարարը տեղեկացվել է բաժանմունքում ներդրված մեկ նորամուծության մասին ևս. այսուհետ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում են հերթապահելու ոչ միայն բաժանմունքի բժիշկները, այլև նեղ մասնագետները և ռադիոլոգները, որոնց համար նախատեսված են աշխատանքային հարմարավետ պայմաններ:

  • Կիսվել: