ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամփոփվել է «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը» մրցույթը

Ամփոփվել է «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը» մրցույթը

Ամփոփվել է առողջապահության նախարարության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպած «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը» մրցույթը, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների աշակերտները: Լավագույն հինգ տեսանյութը, որոնք ստացել էին ամենաշատ առցանց ձայները, արժանացել են մրցանակների, իսկ մյուս հոլովակների հեղինակները պարգևատրվել են շնորհակալագրերով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառմանը ներկա են գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով մասնակիցներին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ շատ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը COVID-19-ի վերաբերյալ իրազեկման աշխատանքներում և հավելել. «Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը, որ դրա հաղթահարման լավագույն և ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, որի մասին պետք է ակտիվ իրազեկել նաև թիրախային այլ խմբերում, նախաձեռնեցինք այս մրցույթը` երիտասարդների մոտեցումները հանրությանը տեղ հասցնելու նկատառումով: Նրանց նորարարական և ստեղծարար պոտենցիալի ներգրավումը մեծապես կնպաստի առողջ հասարակություն, առողջ միջավայր ունենալուն»:

«Շնորհակալ եմ առողջապահության նախարարությանն այս նախաձեռնության համար, քանի որ շատ կարևոր է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, հատկապես կրթական հաստատություններում, քանի որ տարեկիցների խոսքը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մեծերինը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նշվում է, որ Անահիտ Ավանեսյանը մրցանակները հանձնել է հաղթողներին, իսկ վերջիններս կիսվել են տեսանյութերի ստեղծման պատմություններով:

 

 

  • Կիսվել: