կիրակի, հոկտեմբեր 17
17 / 10 / 2021
Վրաստանում «Պատվաստվիր և շահիր» վիճակախաղում մեկ ամսում 4 868 մարդ շահել է

Վրաստանում «Պատվաստվիր և շահիր» վիճակախաղում մեկ ամսում 4 868 մարդ շահել է

Մեկ ամսում Ախալքալաքում «Պատվաստվիր և շահիր» վիճակախաղում երկու մարդ է շահել: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում պատվաստումների խթանման վիճակախաղում շահել է 4 868 մարդ, որի գումարը կազմում է 760 000 լարի, գրում է jnews.ge-ն:

Նշենք, որ բոլոր նրանք, ովքեր մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստվել են գոնե մեկ դեղաչափով, ինքնաբերաբար մասնակցում են ամենօրյա վիճակախաղին:

«Պատվաստվիր և շահիր»՝ պատվաստման գործընթացը խթանելու StopCovid վիճակախաղը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին:

Խաղարկությունն անցկացվում է՝ ամեն օր, ամեն շաբաթ և վերջնական: Ամենօրյա խաղարկությունում մրցանակները կարող են շահել 100-ից 500 լարիի սահմաններում: Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, խաղարկվում է 1000-ից 10 000 լարի գումար: Վերջնական վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 31-ին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 լարի:

Հաղթողներին ինքնաբերաբար որոշում է ծրագիրը՝ միասնական տվյալների բազայից, պատահականության սկզբունքով:

Վիճակախաղի հաղթողների հետ կապ են հաստատում հեռախոսով, բացի այդ, քաղաքացիներն իրենց շահումների մասին տեղեկատվություն կարող են ստանալ www.stopcov.lotto.ge կայքում, իսկ վիճակախաղի համար գումարը կհատկացվի բյուջեից:

  • Կիսվել: