Ամենայն Հայոց կաթողիկոսը խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները. ռուս հոգևորական
Ամենայն Հայոց կաթողիկոսը խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ մի շարք երկրների կողմից կիրառված պատժամիջոցները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում, ներկայացնելով Գարեգին Երկրորդի հետ հանդիպման մանրամասները, ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Կլինսի մետրոպոլիտ Լեոնիդը։
Նշվում է, որ ռուս հոգևորականը մի քանի օր առաջ Հայաստան է այցելել, երկուշաբթի օրը հանդիպել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ։ Հանդիպման մասին Մայր Աթոռը չի հաղորդել։
Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ժամանակավոր կառավարչի խոսքով՝ նրանք նաև կարևորել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Երեք երկրների հոգևոր առաջնորդները՝ Պատրիարք Կիրիլը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն մի քանի անգամ հանդիպել են։ Երեք երկրների հոգևոր առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։