ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն է բաշխել Համաավետարանական երիտասարդական համագումարի մասնակից երիտասարդներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն է բաշխել Համաավետարանական երիտասարդական համագումարի մասնակից երիտասարդներին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրապետական օրհնությունը բաշխեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կողմից կազմակերպված Համաավետարանական երիտասարդական համագումարի մասնակից երիտասարդներին՝ ուղեկցությամբ Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերության վարչության գործադիր տնօրեն վերապատվելի Զավեն Խանջյանի և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո վերապատվելի Զավեն Խանջյանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին, հայցեց Նորին Սրբության օրհնությունը:

Ապա ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով երիտասարդների Հայրենիքում համախմբումն և ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցը։

Դիմելով երիտասարդ հայորդիներին՝ Նորին Սրբությունը պատգամեց, որ հայրենասիրությամբ, հավատքով և եկեղեցասիրությամբ գոտեպնդված ամեն ջանք ներդնեն Հայրենիքի զորացման ու առկա մարտահրավերների հաղթահարման գործում։

Հայոց Հովվապետը հայորդիներին մաղթեց Տիրոջ զորակցությամբ անձնական ու համազգային կյանքում նորանոր ձեռքբերումներ և հաջողություննրեր՝ հաստատուն մնալով Աստծո ու Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո մեջ:

  • Կիսվել: