Ամբողջ գիշեր հրշեջները հերթապահել են Նուբարաշենի աղբավայրում, որ թաքնված օջախներից կրակը չտարածվի
Հուլիսի 28-ին, Երևանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի տարածումը մի քանի ժամում կանխվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարների և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբի աշխատակիցների կողմից, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հրդեհի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի խորհդական Կամո Արեյանը:
Ողջ գիշեր հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել, որպեսզի կրակի թաքնված օջախներից հրդեհ չբռնկվի, իսկ քաղաքապետարանի մի քանի ջրատար ավտոմեքենաներ ողջ գիշեր ջուր են մատակարարել աղբավայր:
Այս պահին կրակի ամբողջական տարածումը կանխվել է, կարելի է ասել՝ կրակ չկա, ծխում է, ու հիմա Երևանի քաղաքապետարանը հրշեջների հետ իրականացնում է աշխատանքներ. աղբավայրի ամենավտանգավոր հատվածները հողով լցնելու նպատակով բեռնատարներով հող են բերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել: Այդ մասին ահազանգ էր ստացվել ժամը 12:40-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Հրշեջները մեծ դժվարությամբ էին պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն էին անում:
Անգամ կրակի օջախներին հրշեջները մոտենում էին ոտքով, քանի որ հրշեջ մեքենայով անհնար է մոտենալ: Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից:


