Ալավերդու ԲԿ-ում եղած բազմապրոֆիլ ծառայություններին շուտով կավելանան նորերը՝ զարգացման ծրագրերը շարունակական են և անդադար․ Ստեփան Մոսինյան
Ալավերդու ԲԿ-ում եղած բազմապրոֆիլ ծառայություններին շուտով կավելանան նորերը՝ զարգացման ծրագրերը շարունակական են և անդադար, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստում է ԲԿ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը և հերթով մանրամասնում այս տարիների ընթացքում կատարված ահռելի աշխատանքը և ապագայի պլանները։
-Պարոն Մոսինյան, նախ՝ խոսենք Ալավերդու ԲԿ-ի վերջին տարիներին ունեցած ձեռքբերումների և ԲԿ-ում մատուցված ծառայությունների մասին:
-Ալավերդու բժշկական կենտրոնի ձեռքբերումների մասին խոսելիս պետք է հետահայաց նայենք: Երբ Ալավերդու բժշկական կենտրոնի, որպես առողջապահական ծառայություններ մատուցողի, վերակենդանացման փուլը ավարտվեց , հստակ էր մի պարզ ճշմարտություն՝ որքան էլ ջանք թափած լինեինք, որ ունենայինք ծառայություններ մատուցելու համար արժանապատիվ պայմաններ՝ բուժտեխնիկա, շենք-շինություններ և այլն, ամեն ինչ կլիներ ինքնանպատակ, եթե զարգացման աշխատանքները շարունակական չլինեին: Այսինքն բոլոր ներդրումները կդառնային անարդյունավետ և կարճաժամկետ: Հստակ էր, պետք էր զարգացում, իսկ դա հնարավոր էր կառավարման համակարգի ներդրմամբ, որը պետք է ձեռքը պահեր զարգացման զարկերակին՝ հավասարաչափ վերազինելով և կադրային, և բուժտեխնիկական համալրմամբ:
Սա այն կոնցեպտն էր, որով առաջնորդվելով , պետք է փաստենք սկսեցինք Ալավերդու բժշկական կենտրոնի զարգացման փուլը: Եվ այսօր կարող ենք ասել՝ վերջին տարիներին կարողացել ենք լուրջ բուժտեխնիկական վերազինում իրականացնել: Ձեռք է բերվել ինտրաօպերացիոն ռենտգեն սարք, 3-րդ վիրահատարանի համար նախատեսված անզգայացման սարք, իմունոֆերմենտային անալիզատոր, արյան կլինիկական վերլուծիչ, գյուղական բնակավայրերը սպասարկելու համար ձեռք է բերվել ամենագնաց ՈՒԱԶ մեքենա, Առողջապահության նախարարության կողմից պայմանագրով, 5 տարի ժամանակով, ձեռք է բերվել «Տոյոտա» ամենագնաց գծային շտապ օգնության մեքենա, ծննդաբերական բաժանմունքի համար ձեռք է բերվել սոնոգրաֆ, պտղի սրտի աշխատանքը գրանցող 2 սարք, վիրահատական գործիքների հավաքածու , ծննդաբերական բազկաթոռ, կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետը և «Իրա ինվեստ մեդիքալ գրուպ» - ի հետ համագործակցությամբ շուտով շահագործման կենթարկվի տոմոգրաֆը և բուժական գործընթացի որակական ցուցանիշները կբարձրանա նաև գերճշգրիտ ախտորոշում իրականացնող համակարգչային տոմոգրաֆի միջոցով։ Ռեզեռվային էներգոսնուցման համակարգում տեղադրվել է ավտոմատ գործարկման համակարգ, նոր և ժամանակակից նստարաններով կահավորվել են սպասասրահները, ունենք նոր ԷԿԳ , հոլտեր սարքեր:

-Ի՞նչ նոր երկարաժամկետ ծրագրեր ունի բժշկական կենտրոնը միտված նրան, որպեսզի բնակիչների հոսքը դեպի երևանյան հիվանդանոցներ նվազեցվի և հակառակը՝ ավելանա հոսքը դեպի մարզային բուժհաստատություններ։
-Նշվեց, որ Ալավերդու բժշկական կենտրոնը կարևորել է նաև կադրային համալրումը: Պետք է փաստենք, որ սա ամենակարևոր գործն է: Դրա գիտակցմամբ է պայմանավորված, որ Ալավերդու բժշկական կենտրոնն այս տարիների ընթացքում վերամասնագիտացման ուղղությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, մեծամասամբ իր վրա վերցնելով նաև վերամասանագիտացման ֆինանսական բեռը: Սա այն ճանապարհն էր, որով հնարավոր է իրականացնել զարգացում, այո, նաև կանխել բևեռացումը դեպի մայրաքաղաքային կլինիկաներ՝ նվազեցնելով բնակչության սոցիալական բեռը: Այս շարունակական շղթայական գործընթացի կազմակերպման արդյունքում Ալավերդու բժշկական կենտրոնը նոր ծառայությունների իրականացման նպատակով ստացել է լիցենզիա մանկական վերակենդանացման, մանկական անեսթեզիոլոգիական, ներզննական , վիրաբուժական, խորհրդատվական, համաճարակաբանական, անընկալունաբանական , լաբորատոր- ախտորոշիչ, ճառագայթային ախտորոշիչ, շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ ծառայություններ իրականացնելու թույլատրություն:
Հաշվի առնելով կադրային համալրվածությունն ու բուժտեխնիկական հնարավորությունները ակնկալում ենք առաջիկայում ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում բացել մանկական վիրաբուժական ծառայություն մահճակալների տեսքով:
Արտահոսքի կանխման 3-րդ քայլն էլ նեղ մասնագետների հետ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմամբ տարբեր ծառայությունների մատուցումն է:
Այս պահին ծառայությունների մատուցման պայմանագրով համագործակցմամբ Ալավերդու բժշկական կենտրոնում իրականացվում են անոթային վիրաբուժական, միկրո վիրաբուժական , վնասվածքաբանական օրթոպեդիկ, դիմածնոտային- վիրաբուժական, ուրոլոգիական , երիկամաբանական խորհրդտավական- բուժական գործառույթներ:
-Որքանո՞վ են մարզային իշխանությունները աջակցում բժշկական կենտրոնի զարգացմանը միտված ծրագրերին:
Իրականացված ծրագրերը եղել են ներդրված ջանքերի արդյունք: Ինչ ակնակալի՞ք ունենք: Ակնկալում ենք ծառայել բնակչությանը , աշխատել, բառիս ամենածանր բեռի գիտակցմամբ, շարունակել զարգացումը՝ առաջիկայում ներդնելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ և էներգոխնայման արևային համակարգ: Ավելի հստակեցնելով Ձեր հարցի պատասխանը, կարող եմ նշել՝ Ալավերդու բժշկական կենտրոնը պետական կառույց է և գործնեության բոլոր ոլորտները, բոլոր աշխատանքներն իրականացնում է պետական համակարգային որոշումներին, օրենքներին համապատասխան, կազմակերպում փաստաթղաթաշրջանառությունը ըստ պետական համակարգային ընթացակարգերի, համագործակցելով բոլոր այն կառույցների հետ, որոնց ըստ պետական հայեցակարգի ենթակա է:



