շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալավերդու ԲԿ-ին ամենագնաց նոր ռեանիմոբիլ է հատկացվել

Ալավերդու ԲԿ-ին ամենագնաց նոր ռեանիմոբիլ է հատկացվել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Ալավերդու ԲԿ-ին ամենագնաց նոր ռեանիմոբիլ է հատկացվել:

«Շուրջ մեկուկես ամիս առաջ այցելել էի Ալավերդու ԲԿ։ Տնօրեն Ստեփան Մոսինյանը տեղեկացրեց, որ ամենագնաց ռեանիմոբիլի կարիք կա, քանի որ ԲԿ-ն սպասարկում է 34 բնակավայր` կետային ավելի քան 100 կմ հեռավորությամբ, բարդ ռելիեֆով։ Բացի դրանից՝ ունենք գյուղական բնակավայրեր` դժվարանցանելի ճանապարհներով, որտեղ ստանդարտ ռեանիմոբիլները դժվար հասանելի են։

Խնդիրը քննարկեցի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Նախարարը նշեց, որ եթե ԲԿ-ն սեփական եկամուտներով հոգա շտապօգնության բրիգադի վարձատրության հարցը, նախարարությունը կհատկացնի ռեանիմոբիլը։ Հարցն այս տրամաբանությամբ 2-3 շաբաթվա ընթացքում լուծում ստացավ։

Ամբողջովին նոր «Տոյոտա» մակնիշի ամենագնաց ռեանիմոբիլը լիովին հագեցված է. ԷՍԳ (էլեկտրասրտագիր)
ИВЛ-ԱՇՍ (արհեստական շնչառության սարք, ապարատ), դեֆիբրիլյատոր, ինֆուզիոն պոմպ: Այսպիսով, բարձրանալու է շտապօգնության ծառայության օպերատիվությունը, ծառայության որակն ընդհանրապես։

Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրին օպերատիվ լուծում տալու համար»,- գրել է Մկրտչյանը:

  • Կիսվել: