ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ախալքալաքի շրջանում հնարավոր է՝ 24 դպրոց բացվի

Ախալքալաքի շրջանում հնարավոր է՝ 24 դպրոց բացվի

Ախալքալաքի շրջանի 24 դպրոցում հնարավոր է սեպտեմբերի 15-ին ուսումնական գործընթացը սկսվի դասասենյակներում: Այս մասին հայտնում է Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը, գրում է jnews.ge-ն: 

Ինչպես հայտարարել էր Վրաստանի հիվանդությունների վերահասկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն, եթե երկրում համաճարակային իրավիճակը բարելավվի, և վարակման ցուցանիշը շրջաններում 4 տոկոսից ցածր լինի, ապա դասապրոցեսը կսկսվի դասասենյակներում։

Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը ասում է, որ սեպտեմբերի 15-ից շրջանի շուրջ 24 դպրոցում դասապրոցեսը դասասենյակներում սկսելու համար դիմում են ներկայացրել և սպասում են պատասխանի։

Ուսուցումը հնարավոր է սկսվի հետևյալ գյուղերի դպրոցներում՝ Թախչա, Մյասնիկյան, Մոդեգամ, Ազմանա, Ափնիա, Քարսեպ, Բոզալի, Բուզավեթ, Բարալեթ, Պտենա, Մարտունի, Մուրջախեթ, Հոկամ, Ղադոլար, Կոկիո, Ալաթուման, Չամդուրա, Փոքր Սամսար, Բալխո, Գոգաշեն, Կիրովական, Լոմատուրցխ, Չունչխա և Ագանա:

«Մեծ դպրոցների բացվելու մասին խոսք չկա, մենք ներկայացրել ենք միայն փոքր դպրոցները, սպասում ենք պատասխանի», – ասում է Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը։

Ինչպես նա նշեց, եթե նախկինում օրը մոտավոր 50 մարդ էր թեստ հանձնում, հիմա քանակն աճել է, հասնելով՝ 150-ի, որից օրական 2 կամ 3 դրական թեստ է լինում։

  • Կիսվել: