Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը կդառնա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալը
ՆԱՏՕ-ում կփոխվի Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Այս կարևոր պաշտոնում հաստատվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը։ Նրա թեկնածությանը հավանություն է տվել դաշինքի անդամ պետությունների կոմիտեն:
Այս մասին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաղորդել է հունիսի 5-ի երեկոյան։ Այդ նույն օրն ավելի վաղ Գրինկևիչի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Գրինկևիչը կփոխարինի ներկայիս հրամանատար գեներալ Քրիստոֆեր Քավոլիին։ Լիազորությունների պաշտոնական փոխանցումը պետք է տեղի ունենա այս ամռանը։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր ղեկավարն ունի զգալի ռազմական փորձ։ Նա զբաղեցրել է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների գծով տնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է միացյալ զորքերի օդուժի հրամանատարը։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը նշանակությամբ երկրորդն է համարվում դաշինքի կառույցում՝ գլխավոր քարտուղարից հետո։ Այս պաշտոնը կրողը պատասխանատու է ռազմական գործողությունների ղեկավարման և առաքելությունների պլանավորման համար։ Նա լիազորություն ունի դաշինքի անդամ պետություններից անհրաժեշտ ուժեր խնդրել քաղաքական մակարդակով հաստատված առաջադրանքները կատարելու համար։