Պաշտոնյան պարբերաբար սահմանը հատել է չհայտարարագրած մեքենայով. ԿԿՀ-ն իրավիճակային հայտարարագիր է պահանջել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախորդ տարի իրավիճակային հայտարարագիր է պահանջել, երբ նկատել է, որ պաշտոնատար անձը պարբերաբար սահմանը հատել է մի մեքենայով, որը չի հայտարարագրել:
Այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:
Գալստյանը նշեց, որ անցյալ տարի առաջին անգամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու գործիքն են կիրառել:
«Դեպքը վերաբերում է պաշտոնատար անձի. մենք տեսել էինք, որ նա սահմանը պարբերաբար հատել է մի մեքենայով, որը չէր հայտարարագրել: Նշվածի համատեքստում մենք հարցում էինք կատարել, թե մեքենան ում է պատկանում, նա նշել էր, որ պատկանում է իր դստերը: Դստեր մասով հարցում էինք կատարել, որովհետև ողջամտորեն կասկած ունեինք, որ գույքը նրան է պատկանում՝ չնայած նրա անունով էր։ Հարցում էինք կատարել դստերը, իրավիճակային հայտարարագիր էինք պահանջել: Եվ հանգել էինք այն եզրակացության, որ դստեր օրինական եկամուտներով չէր հիմնավորվում այդ գույքի ձեռքբերումը: Ուստի կարծել էինք, որ դուստրը չէր էլ կարող այդ գույքն ինքնուրույն ձեռք բերել»,–ասաց Գալստյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ տվյալների վերլուծությամբ հաղորդում է ներկայացրել Դատախազություն, զուգահեռ կա կարգապահական վարույթ: