ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հաջորդ հանդիպումը կանցկացվի Սոչիում
Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը հավելել է.
Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ այս հերթական հանդիպումը եւս մեկ քայլ կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության խորացման եւ զարգացման գործում:
Ողջույնի խոսքում ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը երկու երկրների ու ժողովուրդների համագործակցության եւ բարեկամության ամրապնդման հարցում: Դաշնության խորհրդի նախագահի խոսքով Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Այնուհետեւ Վալենտինա Մատվիենկոն խոսել է հաղթանակի կերտման հարցում ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պայքարի եւ հաղթանակի մասին: Անդրադարձ է եղել խորհրդարանական փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին, միջտարածաշրջանային, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացմանը:
Նիստին մանսակցել են վետերաններ Ռոզալիա Աբգարյանը եւ Ներսես Սիմոնյանը: Ռոզալիա Աբգարյանը խոսել է պատերազմի ընթացքում հայ ժողովրդի հերոսական կեցվածքի ու խիզախության մասին:
Նիստի օրակարգային թեման «Մեծ հաղթանակի 80-ամյակ. պատմական հիշողության պաշտպանության միասնություն ապագա սերունդների համար» հարցն էր:
Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքը պլանավորված իրականացվում է նաեւ դինամիկ բնույթ կրող կանոնավոր հանդիպումների շնորհիվ:
Խոսելով նիստի օրակարգային հարցից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի նշանակալի դերը, որը զգալի ներդրում ունեցավ ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ ցույց տալով հերոսության, տոկունության եւ անձնուրացության ակնառու օրինակներ: Մոտ 600 հազար հայ կռվել է խորհրդային բանակում բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչեւ Եվրոպա: Նրանց կեսը չի վերադարձել մարտադաշտից:
ԱԺ փոխխոսնակը կարեւորել է պատմական հիշողության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելը: Այս առումով նա հիշատակել է «Հիշողության գնացք» միջազգային նախագծի մասին, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդների՝ հնարավորություն տալով ճանաչել պատմությունը, այցելել հուշահամալիրներ եւ խորությամբ հասկանալ հաղթանակի նշանակությունը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, ողջունելով հայ գործընկերներին, խոսել է հաղթանակի հոբելյանական տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացվող տոնական միջոցառումների մասին:
Նրա խոսքով երկու երկրներին միավորում են ոչ միայն ընդհանուր հաղթանակն ու պատմությունը, այլեւ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցությունը:
Համանախագահի գնահատմամբ այսօր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ուղղություններով: Այս համատեքստում Յուրի Վորոբյովը կարեւորել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը, որին մեծ ուշադրություն է դարձնում միջխորհրդարանական հանձնաժողովը:
Հայկական կողմից թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սեյրան Օհանյանը, ռուսական կողմից՝ Կրասնոյարսկի երկրամասի, գիտական ու փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ: Նրանք անդրադարձել են պատերազմի ընթացքում հայ զինվորների սխրանքներին, տարեդարձի առթիվ անցկացվող միջոցառումների կարեւորությանը: Կարեւորվել է հանձնաժողովի շրջանակում երիտասարդական հարթակի ստեղծումը: Խոսվել է երկկողմ համագործակցության, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման կարեւորության մասին: Ընդգծվել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների հաջորդ հանդիպումն անցկացնել Սոչիում: