ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ակցիա Վարդաշեն ՔԿ-ի դիմաց՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Ակցիա Վարդաշեն ՔԿ-ի դիմաց՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Վարդաշեն ՔԿ-ի դիմաց այս պահին ակցիա է մեկնարկել՝ ի պաշտպանություն «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի:

Նշենք, որ Վարդաշան ՔԿ-ի դիմաց հավաքվել են Արմեն Չարչյանի ընկերները, հարազատները, գործընկերները:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Արմեն Չարչյանին կալանավորելու մասին որոշում է կայացվել՝ առանց նրան պատգամավորական մանդատից զրկելու:

Նշենք նաև, որ Չարչյանն ինքնակամ է ներկայացել «Վարդաշեն» ՔԿՀ:

Նախքան «Վարդաշեն» ՔԿ մուտք գործելը՝ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ասաց, որ իրեն կալանավորելու համար Դատախազության ներկայացրած երկու հիմքն էլ այլևս գոյություն չունի, ուստի իրեն կալանավորելու որոշումն ապօրինի է: Նա նշեց, որ վստահ է ու համոզված, որ արդարադատությունը կհաղթի:

«Ես այլևս «Իզմիրլյան» ԲԿ-ում որպես տնօրեն չեմ աշխատում, պատգամավոր եմ, որին ապօրինաբար են զրկում ազատությունից, իսկ երկորդ հիմքն առ այն, որ ես կարող էի ազդել ցուցմունք տված անձանց վրա, ապա ցուցմունքները տրված են, բայց իրենք ասել են, որ ձայնագրությունն են հիմք ընդունելու: Ազդեմ թե չազդեմ ցումունք տվողի վրա՝ հիմք չեն ընդունում, հետևապես, երկու հիմքն էլ չկա: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է հարգարժան դատավարոն ինձ կալանավորելու որոշում կայացրել, դիմեք իրեն»,- նշեց Արմեն Չարչյանը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց. «Մենք իսկզբանե նշել ենք ու նշոuմ ենք, որ բացառապես քաղաքական հետապնդման հետ գործ ունենք. առաջին ատյանի դատարանի որոշումը պարոն Չարչյանի կալանքը վերացնելու վերաբերյալ բեկանելու համար չկա»:

Նա, մասնավորապես, նշեց. «Կալանավորման հիմքը եղել է այն, որ ազատության մեջ մնալով՝ պարոն Չարչյանը կարող էր ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների վրա այն հանգամանքից ելնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն է եղել: Հիմա նա չունի այդ կարգգավիճակը, չկա այդ հիմքը: Հետևաբար, հիմքը բացակայում է, պետությունը կամայական գործողություներ չի կարող անել՝ դատավարական պետք է լինեն բոլոր գործողությունները, իսկ այստեղ դատավարական գործողություն չկա»:

Փաստաբանի խոսքով՝ այն, որ գործը, իրենց պնդմամբ, քաղաքական ենթատեքստ ունի, չի նշանակում, որ իրավական պայքար չենք մղելու;

«Մինչև վերջ պայքարելու ենք: Պարոն Չարչյանն ազատության մեջ է գտնվելու, դա իրենց ճաշակից բխելու է թե չէ, կապ չունի՝ թող իրենք բոլորը շատ լավ իմանան դրա մասին»,- շեշտեց պաշտպանը:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

  • Կիսվել: