ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԻՆ-ը ծրագրում է ոչնչացնել «Նաիրիտ»-ի քիմիական նյութերը

ԱԻՆ-ը ծրագրում է ոչնչացնել «Նաիրիտ»-ի քիմիական նյութերը

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կրկին բարձրաձայնվեց ‹‹Նաիրիտ›› քիմիական գործարանում պահվող քիմիական նյութերի ոչնչացման խնդիրը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը պատրաստվում է ոչնչացնել «Նաիրիտ» գործարանի քիմիական նյութերը։ Նշվում էր, որ ԱԻՆ-ը դիմել է  Ֆինանսների նախարարություն, որ 35 քիմիական նյութ ոչնչացնելու համար միջոցներ տրամադրվեն, որոնց  պաշարները պահվում են գործարանում։ Նշվում էր նաև, որ եթե 34 նյութ կարելի է ոչնչացնել հայտնի մեթոդներով, ապա  «լաք էթինոլ» անվամբ նյութից ազատվելը դժվար է և որ  նման տեխնոլոգիայի չեն տիրապետում անգամ արտասահմանյան մասնագետները, դրա համար ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) է պետք։

Zarkerak.am-ը որոշեց գնալ խնդրի հետքերով, նախ ԱԻՆ-ից  հավելյալ տեղեկատվություն փորձեցինք ստանալ, թե ե՞րբ է նախատեսված քիմիական նյութերի ոչնչացումը, ոչնչացման հայտնի մեթոդները որո՞նք են  և կան գնահատականներ ու հաշվարկներ, թե քիմիական նյութերի այրումը որքանո՞վ է տեխնիկապես անվտանգ, թե՛ շրջակա միջավայրի, թե՛  քաղաքի բնակիչների առողջության համար։

ԱԻՆ-ից ստացված պատասխանի մեջ նշվում էր․ ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի հետագա անվտանգ կառավարման գործընթացը կազմակերպելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ընգրկված են փորձագետներ տարբեր գերատեսչություններից և շահագրգիռ մարմիններից››:

Թե ինչ մեթոդ կընտրվի քիմիական նյութերի ոչնչացման համար  պարզաբանել էին․ ‹‹Գործարանի տնօրինությունն առկա վտանգավոր քիմիական նյութերի վերաբերյալ ներկայացրել է տեղեկատվություն աշխատանքային խմբին, որի հիման վրա կազմվել է տեխնիկական առաջադրանք՝ ֆինանսական գնահատականով վերոնշյալ նյութերի հետագա կառավարման վերաբերյալ ՝ այրում, չեզոքացում, համապատասխան ոլորտով զբաղվող կազմակերպություններին փոխանցում և այլն››։

Փորձել էինք հասկանալ նաև լաք էթինոլի ոչնչացման տարբերակը․ ‹‹Լաք էթինոլի հետագա կառավարման խնդրի հետ կապված իրականացվել են բուռն քննարկումներ փորձագետների հետ, ուսումնասիրվել են տարբեր լիցենզավորված կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները, սակայն աշխատանքները դեռևս քննարկման փուլում են››:

Թե որտեղ կոչնչացվեն քիմիական նյութերը՝ մեզ պատասխանեցին, որ  քիմիական նյութերի ոչնչացումը նախատեսվում է իրականացնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը, իսկ գործընթացը վերահսկվելու է նշված ոլորտը կարգավորող գերատեսչությունների կողմից:

ԱԻՆ-ը հարց էինք ուղղել նաև, թե, մասնավորապես, ինչ քիմիական նյութերի մասին է խոսքը և ի՞նչ ծավալների հետ գործ ունենք։ Մեր այս հարցն անպատասխան մնաց։ Սակայն հանրային բաց հարթակներում որոնումների արդյունքում պարզվեց, որ ‹‹Նաիրիտ››-ի պահեստներում այժմ գտնվում են  քացախաթթու, ազոտական թթու, ծծմբական թթու, ամոնիակ, տոլուոլ, աղաթթու, խառնուրդ տոլուոլի պարունակությամբ, լաք էթինոլ, հեղուկ քլոր և այլ քիմիական նյութեր։

Քիմիական նյութերի ոչնչացման միջազգային ստանդարտների և ընդունված չափանիշների մասին Zarkerak.am-ի հետ զրույցում պատմել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծող տնօրենի տեղակալ Ռոբերտ Հակոբյանը, ով նաև ընդգրկված է եղել է ‹‹Նաիրիտ››-ի հարցով հանձնաժողովի կազմում։

Քիմիական նյութերի ոչնչացման հայտնի փորձը՝ այրումը դիտարկելով, պարոն Հակոբյանը նշում է․ ‹‹Քիմիական նյութերի ոչնչացումը միանշանակ չափորոշիչների պահպանում է ենթադրում, որովհետև առանց դրանց պահպանման  ոչ մեկը չի  կարող նման գործունեություն ծավալել։ Հիմնականում այդ նյութերը  այրում են  հատուկ վառարաններում՝ այրման միջոցով են դրանք ոչնչացնում, և սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է››։

Ռոբերտ Հակոբյան

‹‹Ոչնչացման համար կան  հատուկ վառարաններ, հատուկ տեղերում դրված, հատուկ ֆիլտրերով, սա է նորմալ պրակտիկան ››,- նշում է Ռոբերտ Հակոբյանը։ Մեր ճշտող հարցին՝ հատուկ տեղ ասվածը ի՞նչ է ենթադրում, մասնագետը պատասխանում է․ ‹‹Վառարանները պետք է քաղաքից դուրս, բնակելիներից որոշակի հեռավորության վրա տեղակայված լինեն, որովհետև կան համապատասխան սանիտարական նորմեր,  որոնք պիտի պահպանվեն››։

Եթե միջազգային ստանդարտները և ոչնչացան պայմանները պահպանվեն, արդյո՞ք անգամ այդ դեպքում շրջակա միջավայրը չի տուժի քիմիական նյութերի ոչնչացման հետևանքներից՝ արտանետումներ, օդի կոնցենտրացիայի փոփոխություն, թունավոր ծուխ․ ‹‹Եթե այս ամենը տեղի է ունենում համապատասխան սերտիֆիկացված մարմնի հետ աշխատելով՝ ոչ։  Քանի որ, թե ինչ-որ բան  այնպես չի լինում, սերտիֆիկացված մարմինը միջազգային  շուկայում ունենալու է մեծ խնդիրներ և  նաև նրանց հեղինակության  հարցն է։ Եթե խնդիրների դեպքում  մեր պետությունը ինչ-որ բողոք ներկայացնի այդ ընկերության գործունեությունը կասկածի տակ է դրվելու››։  

Մասնագետը պարզաբանում է նաև, քիմիական նյութերի ոչնչացում մեր ունեցած ռեսուրսներով իրականացնել չենք կարող, քանի որ համապատասխան միջազգային ստանդարտները տեղական ուժերով պահպանել չի ստացվի․ ‹‹Նույնիսկ եթե մենք ոչնչացնենք,  հաստատ, միջազգային մի մարմին կգտնվի, որը մեզ  կփորձի դատի տալ մեր իսկ պետությանը վնաս հասցնելու համար››։

Կրկին հանրային բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ ‹‹Նաիրիտ››-ի պահեստներում 2017 թ-ի տվյալներով  պահվում է շուրջ  1,223 տոննա  լաք էթինոլ, քիմիական նյութ, որի ոչնչացումը ամենախնդրահարույցն է, թե՛ մասնագետների, թե՛ պատասխանատու գերատեսչության գնահատականով․ ‹‹Այստեղ խնդիրն ուրիշ է, այնտեղ  կան  քիմիական  այնպիսի թափոններ, որոնք  գործնակաում նման  ծավալով ոչ մի  տեղ երբեք չի այրվել, լաք էթինոլի մասին է խոսքը››։

Պարոն Հակոբյանի դիտարկմամբ, եթե որոշվի այն ոչնչացնել ինչ-որ եղանակով, դեռ պետք է պարզվի՝ ինչ վիճակում է հեղուկ  նյութը, իսկ հետազոտությունը պակաս բարդ չէ․ ‹‹Գործանակում  մոտ 20-30 տարի առաջ արդեն պիտի ոչնչացրած լինեին այս նյութը։  Լաք էթինոլի նման ծավալների հետ կապված խնդիր է առաջացել գործարանի շահագործման արդեն վերջին շրջանում  ‹‹կիսատ-պռատ›› աշխատելուց։ Սակայն երբ ‹‹Նաիրիտ››-ը  լիարժեք աշխատել է՝  այդ ավելցուկային թափոնները ժամանակին այրվել են,  հենց գործարանում։ Վերջին տարիներին արդեն՝ մինչև փակվելը,  լաք էթինոլը կուտակվել է ու գնահատելը, թե ինչ վիճակում է՝ շատ լուրջ ներդրումներ ու  ծախսեր  է պահանջում, նույնիսկ այրելը շատ խնդրահարույց է, քանի որ տեղափոխելիս կարող է ինքնայրում առաջանալ և սա էլ հաշվի առնելով՝  անվտանգության նորմերը պահպանելը շատ բարդ է››։

Փաստորեն, պարոն Հակոբյանի խոսքով, անգամ միջազգային պրակտիկայում այսքան երկար տարիներ պահպանված լաք էթինոլի ոչնչացման փորձ չկա։ Քանի որ միջազգային ստանդարտներ նման տարիքի լաք էթինոլի  ոչնչացման հետ կապված չկան, պարոն Հակոբյանը ներկայացնում է առկա պահանջները, որոնք գործում են նյութի մեկ տարի պահպանման և պարտադիր ոչնչացման  դեպքում․ ‹‹Այդ նյութից ազատվելու  տեխնոլոգիայի մեջ գրված է,  որ եթե մեկ տարին անցնում է   հենց իր տակառի մեջ պիտի այրեն,  բայց նրանք ինչ-որ այնտեղ ունեն ամեն մեկի տարիքը գերազանցում է  30 տարին››։

‹‹Նյութի վտանգավորութունը շատ պարզ է, այդ ամեն ինչը, եթե փորձես տեղափոխել, կամ տեղաշարժել կամ նույնիսկ բացել,կարող  է  ինքնահրկիզվել, ինքնաբոցավառվել, կարող է որոշ դեպքերում պայթյունի հասնել։  Քանի որ սովորական օդի միջավայրում է այրվում,  ինչ տեսակ նյութ ասես այնտեղ չի առաջանում, հաստատ մեծ մասը, թե՛ կոնսերոգեն են, թե օրգանիզմի համար՝ վտանգավոր ››, - Ռոբերտ Հակոբյանը   հիշեցնում է նաև, որ լաք էթինոլի ինքնայրման վտանգը, անկախ պահման հանգամանքներից, կարող  է ‹‹կախված լինել քաղաքի գլխին››՝  հաշվի առնելով  նախադեպերը․ ‹‹2017թ-ին Նաիրիտի տարածքում է  հրդեհ եղավ․ հենց լաք էթինոլն էր այրվել›› ։

Պարոն Հակոբյանը խոսում է 2017 թվականի օգոստոսի 28-ի ‹‹Նաիրիտ››-ում վթարի մասին, որը ուղեկցվեց պայթյունով ու հրդեհով։ Այրվել էր 200 խմ լաք էթինոլը՝  երկաթբետոնե 4 տարաներում։ Իսկ ընդհանուր առմամբ, սա քիմիական գործարանում միակ վթարը չէր։ 2009 թվականի մայիսի 14-ին եղել  է 2 պայթյուն, 4 աշխատակից մահացել է։ 2006 դեկտեմբերին թվականին․ կրկին այրվել էր լաք էթինոլ, այս անգամ  երկաթբետոնե 2 տարաներում և 300 խմ ծավալով։ Նույն տարվա  նոյեմբերի 12-ին նույն ծավալով լաք էթինոլ էր կրկին այրվել։ 2006-ին գրանցվել էր ևս մեկ վթար՝ սեպտեմբերի 23-ին պայթյուն էր եղել, վիրավորվել էր 7 մարդ։

‹‹Մնացած նյութերի ոչնչացմամբ զբաղվելը, առանց լաք էթինոլի հարցը  լուծելու, պարզապես գործողություն է գործողության համար, դրանք մեծ խնդիր  չեն ներկայացնում։ Եթե լաք էթինոլի ոչնչացման խնդիրը չի լուծվում, մնացածը, թե ինչ կվառեն, ոնց կվառեն, այդքան էլ մեծ խնդիր չէ››,- ասում է Հակոբյանը։

Եվ ընդգծում․ ‹‹Ռեալ ասեմ՝ այս պատասխանատվությունը շատ մեծ է, պետք է հստակ իմանան  ոչնչացման հետևանքներն ու նոր գնան առաջ, շատ վտանգավոր հարց է։ Իրոք, 30  տարեկան լաք էթինոլի ոչնչացումը նախադեպային է  նույնիսկ ամբողջ աշխարհում, եթե նույնիսկ տեղում այս ամեն ինչը կարողանան անել, այրել, 1-2 շաբաթ Երևանի վրա թանձր ծուխ է նստելու››։

Թե ընդհանուր առմամբ՝ ինչ ծավալի քիմիական նյութ է պահվում ‹‹Նաիրիտ››-ում մասնագետը դժվարանում է նշել․ ‹‹Թվեր չասեմ, բայց խոսքը մեծ քանակների մասին է››։

Խոսելով  ‹‹Նաիրիտ››-ի ներկա վիճակի մասին՝ Հակոբյանը նշում է․ ‹‹Առաջին անգամ ‹‹Նաիրիտ››-ում եղել եմ որպես ուսանող՝ 2008թ-ին։ 2017-ին, երբ եղա այնտեղ՝ իսկապես ողբալի վիճակ էր,  որովհետև ոչ մի բան չի մնացել։ Այնտեղ գործարան գոյություն չունի,մնացել են միայն  քիմիական թափոնները››։  

Իսկ հիմա՝ ներկա վիճակով, ի՞նչ վտանգ է  ներկայացնում քիմիական գործարանը քաղաքի համար․ ‹‹‹‹Նաիրիտ››-ն այն ժամանակ քաղաքում չի եղել, նաև երկրի նման բոլոր  ինստիտուտները քաղաքում չեն եղել, քաղաքն է կառուցվել դրանց շուրջ։ Ես չեմ կարող միանաշանակ գնահատական  տալ, որովհետև անվտանգության բոլոր մինիմալ   պահանջները պահպանվում են, այնտեղ մոտավորապես դեռ 200 աշխատող կա, ովքեր ապահովում են պահեստների անվտանգությունը։  Փաստացի,հիմա ԱԻՆ-ի ջանքերով, պետական միջոցներով  անվտանգության պահպանման  գործողություններ  ձեռնարկվում են››։  

Ռոբերտ Հակոբյանը նշում է՝ հնարավոր է որոշակի պահանջներ պահպանելով վտանգավոր լաք էթինոլն էլ պահել, բայց մինչև ե՞րբ, չէ՞ որ անհայտ է՝երբ ևս մեկ անգամ կբռնկի այս նյութը և ինչ հետևանքներ կլինեն։

‹‹Նաիրիտ›› քիմիական գործարանը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակից ընդամենը 7 կմ հեռավորության վրա։ 

  • Կիսվել: